ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 հունվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1979 թվականի դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված՝ Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1979թ. դեկտեմբերի 17-ի 34/146 բանաձեւով՝ Նյու Յորքում։ Այն ուժի մեջ է մտել 1983թ. հունիսի 3-ին։

Կոնվենցիայի նպատակն է պետությունների միջեւ միջազգային համագործակցության զարգացումը՝ պատանդներ վերցնելու բոլոր գործողությունները որպես միջազգային ահաբեկչության դրսեւորում կանխարգելելու, հետապնդելու եւ պատժելու համար արդյունավետ միջոցներ մշակելու եւ ընդունելու գործում։

2. Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է պատանդներ վերցնելու հանցակազմը։

Պայմանավորվող պետությունները պարտավորվում են սահմանել համապատասխան պատժամիջոցներ պատանդներ վերցնելու հանցագործության, դրա փորձի եւ այդ հանցագործության կատարմանը հանցակցելու համար՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը։

Կոնվենցիան նախատեսում է պարտավորություններ՝ տվյալ Պայմանավորվող պետության տարածքում գտնվող պատանդի վիճակը թեթեւացնելու եւ նրա ազատումն ապահովելու կապակցությամբ։

3. Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունները ներառված են համարվում Պայմանավորվող պետությունների միջեւ կնքված՝ հանձնման մասին պայմանագրերում, եւ պետք է ներառվեն հետագայում կնքվելիք նման պայմանագրերում։

Կոնվենցիան նախատեսում է հանձնումը մերժելու հիմքերը։ Ենթադրյալ հանցագործին չհանձնելու դեպքում Պայմանավորվող պետությունները պարտավոր են տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկել իրենց իրավասու մարմինների միջոցով։

4. Կոնվենցիան իրավական հիմք է հանդիսանում նաեւ Պայմանավորվող պետությունների կողմից՝ կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների առնչությամբ քրեական դատավարության կապակցությամբ միմյանց օգնություն տրամադրելու համար։

Կոնվենցիան նախատեսում է կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման գործում Պայմանավորվող պետությունների միջեւ համագործակցության հիմնական միջոցները։

Կոնվենցիայով հստակեցված է դրա կիրառման շրջանակը։

5. Կոնվենցիան լրացուցիչ իրավական երաշխիքներ է ստեղծում ՀՀ Սահմանադրության 17 հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի պաշտպանության համար։ Այն համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում հռչակված՝ արտաքին քաղաքականության սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1979թ. դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված՝ Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ - 468

print page Տպել էջը