1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 10 փետրվարի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1995 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրում եւ դրան կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, դրան կից լրացուցիչ արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1995թ. հունիսի 19-ին՝ Բրյուսելում։ Համաձայնագրի նպատակն է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցելու համար Ծրագրին մասնակցող որեւէ պետության տարածքում Ծրագրին մասնակցող այլ պետությունների զինված ուժերի գտնվելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը։
Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. հոկտեմբերի 28-ին՝ Վաշինգտոնում։
Լրացուցիչ արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 1995թ. հունիսի 19-ին՝ Բրյուսելում։ Արձանագրության նպատակն Արձանագրության մասնակից պետության կողմից Արձանագրության մասնակից այլ պետության զինված ուժի եւ դրա քաղաքացիական տարրի անդամի եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց նկատմամբ մահապատժի կիրառման արգելումն է։
2. Համաձայնագրի նպատակի իրագործման համար կողմերը պարտավորվում են կիրառել 1951թ. հունիսի 19-ին Լոնդոնում ստորագրված՝ «Հյուսիսատլանտյան պայմանագրի կողմերի միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի (ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ) դրույթները, որը կարգավորում է մի պետության տարածքում այլ պետության զինված ուժերի գտնվելու հետ կապված հարաբերությունները։ Այդ կապակցությամբ նախատեսվում է քննության առարկա համաձայնագիրը կիրառել համաձայնագրի մասնակից այն բոլոր պետությունների տարածքների նկատմամբ, որոնք ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի կողմեր չեն՝ ի լրումն այն տարածաշրջանի, որի նկատմամբ կիրառվում է ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ն։
Համաձայնագրի նպատակներով նախատեսվում է նաեւ, որ ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի հղումները՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի տարածաշրջանին, կներառեն նաեւ Ծրագրին մասնակցող այն բոլոր պետությունների տարածքները, որոնք ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի կողմեր չեն, իսկ ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի հղումները՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին, կներառեն Ծրագիրը։ Ընդ որում, Ծրագրի շրջանակային փաստաթղթում ամրագրված պարտավորությունները վերաբերում են միջպետական իրավահարաբերությունների կարգավորմանը եւ որեւէ կերպ չեն կարող իրավական խոչընդոտ հանդիսանալ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին», «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» 1966թ. միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածներում ամրագրված իրավունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես, 1-ին հոդվածում ամրագրված սկզբունքների իրականացման համար։
Ըստ համաձայնագրի, ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի՝ խնդրանքները կամ տարաձայնությունները Հյուսիսատլանտյան խորհրդին, Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակների նախագահին կամ միջնորդ դատարանին ներկայացնելու վերաբերյալ դրույթները չեն կիրառվում ՆԱՏՕ ԶՈՒԿՄՀ-ի կողմեր չհանդիսացող պետությունների նկատմամբ, եւ դրանք մեկնաբանվում են որպես, առանց որեւէ արտաքին դատարան դիմելու, համապատասխան կողմերի՝ միմյանց հետ բանակցել պահանջող դրույթներ։
3. Քննության առարկա համաձայնագրով եւ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- որպես Ուղարկող պետություն՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ՀՀ զինված ուժը եւ դրա քաղաքացիական տարրը, դրանց անդամները, այդ անդամների խնամքի տակ գտնվող անձինք հարգեն Ընդունող պետության օրենքները, զերծ մնան Ընդունող պետությունում քաղաքական որեւէ գործունեություն ծավալելուց,
- որպես Ընդունող պետություն՝ Ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ ՀՀ տարածքից դուրս եկող զինված ուժը կամ դրա անդամներին ազատել անձնագրային եւ մուտքի արտոնագրերի ձեւականություններից եւ ներգաղթային ստուգումից, նրանց նկատմամբ չկիրառել օտարերկրացիների գրանցման եւ ստուգման վերաբերյալ ՀՀ կանոնները, նրանց չհամարել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունք ունեցող անձինք,
- Ընդունող պետության տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում ծառայությունը դադարեցրած ՀՀ զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամի հայրենիք չվերադառնալու դեպքում անմիջապես տեղեկացնել Ընդունող պետության իշխանություններին՝ նրանց տրամադրելով պահանջվող մանրամասները, նույն պայմաններով տեղեկացնել Ընդունող պետության իշխանություններին այն անդամի մասին, որն անօրինականորեն բացակայել է 21 օրից ավելի,
-որպես Ուղարկող պետություն՝ ՀՀ զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամին, նախկին անդամին, նրանց խնամքի տակ գտնվող անձանց ընդունել ՀՀ տարածք կամ այլ կերպ նրանց դուրս հանել Ընդունող պետությունից, եթե վերջինս նրանց պահանջել է հեռանալ իր տարածքից կամ վտարման հրաման է արձակել,
-որպես Ընդունող պետություն՝ առանց քննություն հանձնելու կամ վճարի պահանջի, վավերական ճանաչել Ուղարկող պետության կամ դրա որեւէ միավորի կողմից զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամին տրված վարորդական իրավունքի կամ զինվորական վարորդական իրավունքի վկայականը կամ այդ անձանց տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ընդունված վարորդական իրավունքի վկայական՝ առանց համապատասխան քննություն պահանջելու,
- որպես Ընդունող պետություն՝ փոխադարձաբար աջակցել Ուղարկող պետությանը Հայաստանի Հանրապետության տարածքում զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամների կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ձերբակալման եւ նրանց համապատասխան իրավազորություն իրականացնող մարմնին հանձնելու գործում, Ուղարկող պետության զինվորական իշխանություններին անմիջապես տեղեկացնել զինված ուժի կամ քաղաքացիական տարրի որեւէ անդամի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի ձերբակալման մասին, փոխադարձաբար աջակցել Ուղարկող պետությանը հանցագործությունների անհրաժեշտ քննության իրականացման, ապացույցների հավաքման եւ մշակման (ներառյալ՝ առգրավումը), համապատասխան դեպքերում՝ հանցագործության հետ կապված առարկաների հանձնման գործում, մյուս կողմերին ծանուցել բոլոր գործերի ընթացքի մասին, որոնց նկատմամբ գոյություն ունեն իրավազորություն իրականացնելու համընկնող իրավունքներ,
-որպես Ուղարկող պետություն՝ Ընդունող պետությունում մահապատիժ չիրականացնել, եթե Ընդունող պետության օրենսդրությունը նմանատիպ գործով այդպիսի մահապատիժ չի նախատեսում, որպես Ընդունող պետություն՝ ըմբռնումով մոտենալ ՀՀ տարածքում Ուղարկող պետության իշխանությունների կողմից կայացված՝ ազատազրկման պատիժն իրականացնելու գործում Ուղարկող պետության իշխանությունների՝ օժանդակելու խնդրանքին,
- եթե մյուս կողմերի իշխանությունների կողմից մեղադրյալի հանդեպ ՀՀ տարածքում իրականացվել է դատավարություն եւ նա արդարացվել է կամ դատապարտվել եւ կրում է կամ կրել է պատիժ, կամ նրան ներում է շնորհվել, ապա, որպես Ընդունող պետություն, նրա նկատմամբ միեւնույն հանցագործության համար Հայաստանի Հանրապետության տարածքում կրկին չիրականացնել դատավարություն,
- ընդունել օրենսդրություն, որն անհրաժեշտ կհամարվի ՀՀ տարածքում մյուս կողմերի շինությունների, սարքավորումների, գույքի, փաստաթղթերի եւ պաշտոնական տեղեկատվության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու եւ այն անձանց պատժելու համար, որոնք կարող են խախտել այդ օրենսդրությունը,
- հրաժարվել մյուս կողմին ուղղված բոլոր պահանջներից այն վնասի համար, որը հասցվել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող եւ ՀՀ ցամաքային, ծովային կամ օդային զինված ուժերի կողմից օգտագործվող գույքին, հրաժարվել մյուս կողմին ուղղված փոխհատուցման պահանջից ծովում փրկարարական գործունեության համար՝ պայմանով, որ փրկված նավը կամ նավի բեռը պատկանում է մյուս կողմին եւ օգտագործվում է նրա զինված ուժի կողմից՝ Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում, նշված վնասից տարբերվող՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող եւ ՀՀ տարածքում գտնվող գույքի այլ վնասի դեպքում հրաժարվել պահանջներ ներկայացնելուց, եթե հասցված վնասի գումարն ավելի քիչ է քննության առարկա համաձայնագրով սահմանված գումարների չափից, հրաժարվել մյուս կողմին պահանջ ներկայացնելուց ՀՀ զինված ուժի անդամների մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքերում, եթե այդ անդամները գտնվել են իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում,
- Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինված ուժերի եւ քաղաքացիական տարրի անդամների կողմից՝ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում կատարված գործողությունների կամ անգործության կամ այլ գործողությունների, անգործության կամ պատահարների հետեւանքով, որոնց համար իրավաբանորեն պատասխանատու է զինված ուժը կամ քաղաքացիական տարրը, Հայաստանի Հանրապետության տարածքում քննության առարկա համաձայնագրի կողմ չհանդիսացող որեւէ երրորդ կողմի վնաս հասցվելու դեպքում մյուս կողմերի հետ միասին մասնակցել փոխհատուցման համար վճարվելիք ծախսերին՝ Հայաստանի Հանրապետության՝ վնաս հասցրած պետությունների թվին պատկանելու հանգամանքից անկախ,
- որպես Ուղարկող պետություն, Ընդունող պետությունում գտնվող ՀՀ զինված ուժերի եւ քաղաքացիական տարրի անդամների կողմից՝ իրենց պաշտոնական պարտականությունների սահմաններից դուրս կատարված գործողությունների կամ անգործության հետեւանքով, ինչպես նաեւ Ընդունող պետությունում ՀՀ մեքենայի չթույլատրված օգտագործման հետեւանքով վնաս հասցվելու դեպքում հայցվորին վճարել փոխհատուցման գումարը,
- որպես Ընդունող պետություն, Ուղարկող պետության զինված ուժերի կամ քաղաքացիական տարրի անդամներին ազատել Ուղարկող պետության կողմից նրանց վճարվող աշխատավարձերի եւ վարձատրությունների հարկումից կամ միմիայն Հայաստանի Հանրապետությունում նրանց ժամանակավոր ներկայությամբ պայմանավորված նյութական շարժական գույքի հարկումից,
- որպես Ընդունող պետություն՝ զինված ուժին կամ քաղաքացիական տարրին՝ նրանց սեփական միջոցներով ծառայողական մեքենաներ ժամանակավորապես ներկրելիս եւ վերաարտահանելիս, ազատել մաքսային վճարներ մուծելու պարտականությունից, այդ անձանց ծառայողական մեքենաներն ազատել ճանապարհների օգտագործման համար վճարվելիք հարկերից, մաքսային ստուգման չենթարկել պետական կնիքով պաշտոնական փաստաթղթերը, զինված ուժի անդամի կողմից բացարձակապես իր եւ, եթե դա թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կողմից, նաեւ քաղաքացիական տարրի եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց գործածման համար անհրաժեշտ սարքավորումներ, չափավոր քանակությամբ մթերք, պաշարներ եւ այլ ապրանքներ ներկրելիս՝ այդ անձանց ազատել մաքս վճարելու պարտականությունից, Հայաստանի Հանրապետությունում ծառայության անցնելու նպատակով զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամի կողմից առաջին ժամանման կապակցությամբ կամ նրան միանալու նպատակով նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից առաջին ժամանման կապակցությամբ ծառայության ժամկետով ներկրված անձնական իրերը եւ կահույքն ազատել մաքսային վճարից, զինված ուժի կամ քաղաքացիական տարրի անդամների կողմից իրենց կամ իրենց խնամքի տակ գտնվող անձանց՝ օգտագործման համար ժամանակավորապես ներկրվող նրանց սեփական մեքենաներն ազատել մաքսային վճարից, կիրառել հատուկ պայմաններ, որպեսզի զինված ուժի կամ քաղաքացիական տարրի մեքենաների, օդանավերի եւ նավերի համար գործածվող վառելիքը, յուղը եւ քսանյութերն ազատվեն հարկերից եւ մաքսերից,
- որպես Ընդունող պետություն՝ մաքսային եւ հարկային օրենսդրության խախտումները կանխելու նպատակով փոխադարձաբար օժանդակել Ուղարկող պետությանը հետաքննության իրականացման եւ ապացույցների հավաքման գործում, զինված ուժին կամ քաղաքացիական տարրին, բայց ոչ նրանց անդամներին պատկանող՝ հարկային օրենսդրության խախտման կապակցությամբ առգրավված ծառայողական մեքենաները եւ գույքը հանձնել տվյալ զինված ուժի համապատասխան ղեկավարությանը,
- մահապատիժ չկիրառել Արձանագրության մասնակից այլ պետության զինված ուժի եւ դրա քաղաքացիական տարրի անդամի եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց նկատմամբ։
4. Համաձայնագրում եւ դրա լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրից, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունից, եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (1, 4 հոդվածներ) կոչված են ապահովելու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված՝ արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1995 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրում եւ դրան կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10 փետրվարի 2004 թվականի
ՍԴՈ - 471