ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 փետրվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ հրավիրված՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի նոյեմբերի 11-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 11-ին՝ Երեւանում։ Արձանագրության նպատակն է փոխարինել 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի 3 հոդվածի 3-րդ պարբերության՝ 1991թ. դեկտեմբերի 29-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը վկայակոչող դրույթները 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված եւ ՀՀ ԱԺ կողմից 1998թ. փետրվարի 2-ին վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը վկայակոչող դրույթներով։

Արձանագրությունը հանդիսանում է 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի անբաժանելի մասը։

2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը 1996թ. նոյեմբերի 27-ին կայացրել է որոշում, եւ հիշյալ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1997 թվականի ապրիլի 29-ին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. նոյեմբերի 11-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 փետրվարի 2004 թվականի
ՍԴՈ - 472

print page Տպել էջը