1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի՝ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 փետրվարի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1992 թվականի հոկտեմբերի 9-ի՝ Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների եւ ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրին կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2003թ. մայիսի 30-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Արձանագրության նպատակն է 10 տարով երկարաձգել 1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված՝ Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների եւ ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրի (այսուհետեւ՝ Համաձայնագիր) գործողության ժամկետը՝ այն 2003թ. հունիսի 26-ին լրանալու կապակցությամբ։
2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ Արձանագրության նախաբանում եւ 1-ին կետում հիշատակվող Համաձայնագրի հոդված 12-ի՝ Համաձայնագիրը կնքվել է 10 տարի ժամկետով եւ ուժի մեջ է մտնում դրա վավերացման կամ հաստատման պահից։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը վավերացրել է 1993թ. հունիսի 9-ին, եւ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի հինգերորդ պարբերության ուժով Համաձայնագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ Արձանագրությամբ կողմերը պարտավորություն են ստանձնում եւս 10 տարի ժամկետով շարունակել ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը հանդիսացող Համաձայնագրով արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարումը, ընդ որում, Համաձայնագրի՝ մինչեւ ՀՀ Սահմանադրության ընդունումը վավերացված լինելու հետեւանքով Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների նկատմամբ չի իրականացվել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական վերահսկողություն։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ «Սահմանադրական դատարանը որոշումներ եւ եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ»։
3. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները կոչված են ապահովելու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված՝ արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանըՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. մայիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված՝ 1992 թվականի հոկտեմբերի 9-ի՝ Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների եւ ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով համաձայնագրին կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 փետրվարի 2004 թվականի
ՍԴՈ - 474