ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 28-ին Դուշանբեում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. ապրիլի 28-ին՝ Դուշանբեում։ Համաձայնագրի նպատակն է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծումը։

2. Համաձայնագրի կնքման իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ Հավաքական անվտանգության մասին 1992թ. մայիսի 15-ի պայմանագիրն է, այն լրացնող մյուս փաստաթղթերը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը։

3. Ըստ համաձայնագրի՝ երկաթուղիների տեխնիկական պատսպարումը խաղաղ եւ պատերազմական ժամանակներում իրականացվող ճարտարագիտական, տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումների համալիր է, որն ուղղված է երկաթուղիների շահագործվող ցանցի օբյեկտների, շինությունների ու սարքավորումների, վերականգնողական եւ շահագործող ուժերի ու միջոցների բազմակողմանի նախապատրաստմանը։

4. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի երկաթուղային զորքերի զորամասերի եւ հատուկ կազմավորումների որոշակի պարտավորություններ, որոնք ուղղված են ընդունող Կողմի ինքնիշխանության եւ օրենքների նկատմամբ հարգանքն ապահովելուն եւ երաշխիքներ են ստեղծում ընդունող պետության բնական պաշարների, մշակութային եւ պատմական արժեքների պահպանության, բնապահպանական անվտանգության ապահովման համար։

5. Կողմերն իրենց գործողություններն իրականացնելու են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական պլանի հիման վրա, որը պետք է հաստատի հիշյալ Կազմակերպության հավաքական անվտանգության խորհուրդը։

6. Ահաբեկչական զինված կազմավորումների վերացման, արտաքին ռազմական ագրեսիայի դիմագրավման եւ Համաձայնագրով նախատեսված այլ դեպքերում Կողմերը համաձայնում են միմյանց չներկայացնել իրենց քաղաքացիների մահվան, մարմնական վնասվածքի կամ նրանց անշարժ գույքին, բնական պաշարներին, մշակութային եւ պատմական արժեքներին պատճառված վնասի կապակցությամբ փոխհատուցման պահանջ։

7. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են, մասնավորապես՝

- մինչեւ 2005թ. ստեղծել Կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական համակարգ,

- անհատույց կազմակերպել մյուս Կողմի երկաթուղային զորքերի զորամասերի եւ հատուկ կազմավորումների ընդունման, տեղակայման, տեղափոխման եւ անհրաժեշտ օբյեկտներով ապահովելու հետ կապված միջոցառումները, ապահովել նրանց կոմունալ-կենցաղային անհատույց սպասարկումը,

- մաքսատուրքերից ազատել մյուս Կողմի երկաթուղային զորքերի զորամասերի եւ հատուկ կազմավորումների կողմից Հանրապետության տարածք ներմուծվող սպառազինությունը, հատուկ տեխնիկան, նյութատեխնիկական միջոցները եւ շինարարավերականգնողական նյութերը,

- հարկումից ազատել երկաթուղային զորքերի միավորման հրամանատարությանը եւ հատուկ կազմավորումների ղեկավարությանը մատուցվող ծառայությունները։

8. Համաձայնագիրը համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածում ամրագրված՝ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքին եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվ. 9) կոչված է ապահովել պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. ապրիլի 28-ին Դուշանբեում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 475

print page Տպել էջը