ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ.Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1997թ. սեպտեմբերի 29-ին՝ Վիեննայում, որի նպատակն է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) երաշխիքների համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով առավել ամրապնդել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, որը Հայաստանի Հանրապետությունում կիրառելի է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՀՀ-ն միացել է 1991թ. սեպտեմբերի 24-ին) եւ Հայաստանի Հանրապետության եւ Գործակալության միջեւ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի (ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 5-ին) ուժով։

2. Արձանագրության հոդված 1-ում սահմանված է այդ փաստաթղթի իրավական ուժը, համաձայն որի՝ Երաշխիքների մասին համաձայնագրի դրույթները կիրառելի են այնքանով, որքանով դրանք համապատասխանում են արձանագրության դրույթներին եւ համատեղելի են դրանց հետ, իսկ հակասության դեպքում՝ կիրառվում են արձանագրության դրույթները։

3. Արձանագրության անբաժանելի մասն են կազմում թվով երկու հավելվածները (այսուհետ՝ Հավելված), որոնցով սահմանվում են համապատասխանաբար՝ գործունեության ձեւերի ցանկը եւ արտահանման եւ ներմուծման մասին հաշվետվության համար համաձայնեցված սարքավորումների եւ ոչ միջուկային նյութերի ցանկը։

4. Արձանագրությամբ Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

ա) Գործակալությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝

  • միջուկային վառելիքային ցիկլի, գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման վայրի վերաբերյալ,
  • այն կայանքների եւ կայանքներից դուրս գտնվող վայրերի վերաբերյալ, որտեղ սովորաբար օգտագործվում է միջուկային նյութ,
  • արձանագրության Հավելված 1-ում նշված գործունեությանն առնչվող գործողությունների ծավալի նկարագրի վերաբերյալ,
  • ատոմային վառելիքի արտադրմանը կամ իզոտոպային հարստացմանը պիտանի լինելու համար անհրաժեշտ բաղադրության եւ մաքրության չհասած ելանյութի վերաբերյալ,
  • «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի մի շարք դրույթների իրագործման պայմանների վերաբերյալ,
  • արձանագրության Հավելված 2-ում թվարկված ոչ միջուկային նյութի եւ համաձայնեցված սարքավորումների վերաբերյալ,
  • առաջիկա տասնամյա ժամանակաշրջանի համար միջուկային վառելիքային ցիկլի զարգացմանն առնչվող ընդհանուր ծրա- գրերի վերաբերյալ,
  • գործունեության ընդհանուր նկարագրի եւ այն անձի կամ կազմակերպության մասին, որոնք գործառութային կերպով կարող են կապված լինել արձանագրության առարկա հանդիսացող գործունեության հետ,
  • բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրությունից բխող գործառույթներ իրականացնելու նպատակով Գործակալությանը տրամադրել մուտքի իրավունք՝ արձանագրությունում մատնանշված պայմաններով եւ կարգով, այդ թվում նաեւ՝ կապի համակարգերից եւ նյութատեխնիկական այլ հնարավորություններից օգտվելու իրավունք,

    գ) Հայաստանի Հանրապետությանը՝ արձանագրության շրջանակներում Գործակալության կողմից իրականացված գործունեության մասին, տրամադրել համապատասխան տեղեկատվություն,

    դ) պահպանել արձանագրության շրջանակներում իրականացված գործունեության արդյունքում հայտնի դարձած առեւտրային, տեխնոլոգիական, արդյունաբերական գաղտնիքը,

    ե) տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ-ում Գործակալության երաշխիքների տեսուչներ նշանակելու վերաբերյալ։

    5. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորություններից, եւ կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխան։

    Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

    1. 1997թ. սեպտեմբերի 29-ին Վիեննայում ստորագրված՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

    2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

    ՆԱԽԱԳԱՀՈՂ

    Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    9 մարտի 2004 թվականի
    ՍԴՈ - 477

    print page Տպել էջը