2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 մարտի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի՝ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխայցելությունները դյուրացնելու նպատակով։
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար պարտավորվում է Ռումինիայի՝ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել Հանրապետության տարածք մուտք գործելու արտոնագիր ստանալու պարտավորությունից, եթե մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու ժամկետը չի գերազանցում 90 օրը՝ առաջին մուտքից սկսած վեց ամսվա ընթացքում։
Եթե նշված անձինք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք՝ 90 օրը գերազանցող ժամկետով այնտեղ գտնվելու նպատակով, ապա նրանց տրամադրվում է մուտքի արտոնագիր՝ անվճար հիմունքներով։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձաբար, մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից ազատում է դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող՝ Ռումինիայի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների անդամներին, համապատասխան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց հավատարմագրման ողջ ընթացքում։
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաեւ համաձայնագրով սահմանված ժամկետում միմյանց տրամադրել վավերական դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի նմուշները։
3.Համաձայնագիրը Կողմերին իրավունք է վերապահում համաձայնագրի դրույթները կասեցնել ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման եւ այլ լուրջ պատճառներից։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 478