2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 18 մարտի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի նոյեմբերի 21-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին (Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր, 2002 թվականի համաձայնություն) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2003 թվականի նոյեմբերի 21-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու ու խորացնելու եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:
2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (այսուհետ՝ Բանկ) ստանալ.
ա) մինչեւ 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր» նախագծի իրականացման համար,
բ) մինչեւ 250 հազ. եվրո գումարի դրամաշնորհ՝ «Աջակցություն տուբերկուլյոզով հիվանդների համար բանտային հիվանդանոցի վերակառուցմանը» ծրագրի իրականացման համար:
3. Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհն ստանալու հնարավորությունը կարող է իրացվել, եթե նշված ծրագրերը նախնական ուսումնասիրությունների արդյունքում արժանացել են հավանության, եւ եթե դրանք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին:
Այդ պահանջներին ծրագրի չհամապատասխանելու դեպքում ՀՀ կառավարությանը հնարավորություն է ընձեռվում Բանկից ստանալ դրամաշնորհի չափին համարժեք վարկ:
Դրամաշնորհի միջոցները կփոխակերպվեն վարկի նաեւ այն դեպքում, եթե Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոխարինվեն այլ նախագծերով, բացառությամբ համաձայնագրով նախատեսված ոլորտներին առնչվող նախագծերի:
4. Դրամաշնորհի գումարների օգտագործումը, դրանց տրամադրման պայմանները, ինչպես նաեւ կապալ տալու կարգը սահմանվում են Բանկի եւ վարկառուների միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- եթե դրամաշնորհի միջոցներն ընդունողը ՀՀ կառավարությունը չէ, Բանկի եւ վարկառուների միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում երաշխավորել դրամաշնորհի գումարների վերադարձը Բանկին,
- համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորվող ապրանքների մատակարարումը, ներմուծումը եւ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ ծրագիրն իրականացնող կազմակերպություններին եւ նրանց հետ պայմանագրեր կնքած կապալառուներին ազատել բոլոր հարկերից, տուրքերից եւ պարտադիր այլ վճարումներից,
- ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը դրամաշնորհների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը:
6. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն եւ գերմաներեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից, ինչպես նաեւ ուղղված են ՀՀ Սահմանադրության 34 հոդվածով նախատեսված՝ յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի իրականացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թվականի նոյեմբերի 21-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին (Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր, 2002 թվականի համաձայնություն) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 479