ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 18 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանըՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է 2003թ. հոկտեմբերի 31-ին՝ երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխայցելությունները դյուրացնելու նպատակով՝ հնգամյա ժամկետով եւ այդ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։

2. Նշված համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, պարտավորվում է Հնդկաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիներին թույլատրել համապատասխան միջազգային կետերով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել, դուրս գալ եւ տեղաշարժվել առանց մուտքի արտոնագրի։ Այս կարգը գործում է, եթե նշված անձինք ՀՀ տարածք մուտք են գործում 90 օրը չգերազանցող ժամկետով եւ պաշտոնական առաքելությամբ։ Նշված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների կողմից՝ վերոնշյալ ժամկետով։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում գտնվելու ընթացքում կացության բացառիկ կարգավիճակ է տրամադրում դիվանագիտական անձնագրեր ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված՝ Հնդկաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների անդամներին, ՀՀ տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի Հանրապետության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ առանց մուտքի արտոնագիր ձեռք բերելու։

Կողմերը պարտավորվում են համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն /30/ օր առաջ դիվանագիտական ուղիներով փոխանակել իրենց դիվանագիտական անձնագրերի նմուշօրինակները։

3. Համաձայնագիրը Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահում մերժել անցանկալի անձանց մուտքն իրենց տարածք, ինչպես նաեւ համաձայնագրի դրույթների գործողությունը կասեցնել լիովին կամ մասամբ՝ ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման եւ այլ լուրջ պատճառներից։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատման սկզբունքից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 481

print page Տպել էջը