ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 25 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

հրավիրված՝ ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի ներկայացուցիչ՝ պետական պարտքի, արտասահմանյան փոխառությունների եւ վարկերի վերահսկողության վարչության պետ Վ. Աղասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2003-2004 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա՝ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի եւ ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է 2003թ. դեկտեմբերի 19-ին Երեւանում՝ երկու երկրների հարաբերությունները ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։

2. Համաձայնագրով Գերմանական կողմը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման բանկից (այսուհետ՝ Բանկ) ստանալ մինչեւ 15 մլն եվրո գումարի վարկ, որից 4.5 մլն եվրոն նպատակաուղղվելու է «Մասնավոր ձեռնարկատիրության/փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանում», 3.5 մլն եվրոն՝ «Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծում» եւ 7 մլն եվրոն՝ «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի ֆինանսավորմանը։

3. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում Բանկից ստանալ նաեւ 2.5 մլն եվրո գումարի դրամաշնորհ՝ նշված ծրագրերի հարակից միջոցառումների իրականացման ու «Ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ III»-ի ստեղծման նպատակով։ Դրամաշնորհի միջոցները փոխակերպվում են վարկի, եթե դրանք չեն օգտագործվում համաձայնագրով նախատեսված նպատակով, կամ եթե համաձայնագրի հիման վրա ֆինանսավորման ենթակա ծրագրերը, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, փոխարինվում են այլ նախագծերով։ Թվարկված են ոլորտները, որոնց շրջանակում պետք է լինեն փոփոխված ծրագրերը, որպեսզի նախատեսված գումարը տրամադրվի որպես դրամաշնորհ:

4. Վարկային եւ դրամաշնորհային գումարների օգտագործումը, դրանց տրամադրման պայմանները, ինչպես նաեւ կապալ տալու կարգը սահմանվում են Բանկի եւ վարկառուների միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Բանկին ազատում է այն բոլոր հարկերից եւ պետական այլ վճարումներից, որոնք առնչվում են այդ վարկային պայմանագրերի կնքմանը եւ իրականացմանը։ Հարկերից եւ պետական այլ վճարներից ազատվում են նաեւ համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ապրանքների մատակարարումն ու մասնագետների ծառայությունները։

Այն դեպքում, երբ վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է վարկառուների ստանձնած պարտավորությունների կատարումը եւ նրանց կողմից Բանկի օգտին վճարումների կատարումը եվրոյով։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նաեւ ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը դրամաշնորհների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2003-2004 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 482

print page Տպել էջը