ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրվածփ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003թ. մայիսի 15-ին։

Հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է քրեական գործերով գործուն եւ արագ միջազգային համագործակցություն, կոնվենցիան նպատակ ունի իրականացնել կոռուպցիոն իրավախախտումների համակարգված քրեականացում, ինչպես նաեւ ընդլայնել միջազգային համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Կոնվենցիան հիմնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1996թ. նոյեմբերին ընդունված՝ Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրի, 1976թ. նոյեմբերի 6-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի 20 հիմնական սկզբունքների մասին թիվ (97) 24 բանաձեւի եւ 1998թ. մայիսի 4-ին ընդունված՝ «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ-GRECO»-ի մասնակի եւ ընդլայնված հիմնադիր համաձայնագրի ընդունումը լիազորող թիվ (98) 7 բանաձեւի վրա։

2. Քննության առարկա կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են պետական պաշտոնյաների ակտիվ եւ պասիվ կաշառակերության, մասնավոր հատվածում ակտիվ եւ պասիվ կաշառակերության, ազդեցությունը շահարկելու եւ հաշվապահական հանցագործությունների հանցակազմերը։

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, իր ներպետական իրավունքին համապատասխան, ընդունել այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քրեականացնելու համար.

- ազգային պետական պաշտոնյաների՝ կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները եւ հանցակցությունն այդ արարքներին,

- կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները եւ հանցակցությունն այդ արարքներին, երբ դրանցում ներգրավված է ներպետական կամ օտարերկրյա ներկայացուցչական մարմնի անդամ, օտարերկրյա պետական պաշտոնյա, միջազգային կազմակերպության պաշտոնյա, միջազգային խորհրդարանական վեհաժողովի անդամ կամ միջազգային դատարանի դատավոր կամ պաշտոնյա,

- կոնվենցիայի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված արարքները եւ հանցակցությունն այդ արարքներին,

- եկամուտների լվացման հետ կապված այն հանցագործությունները, որոնք նախատեսված են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» կոնվենցիայով, եթե հիմնական հանցագործություն են համարվում քննության առարկա կոնվենցիայի 2-12-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները։

Նշված արարքների համար պետք է սահմանվեն արդյունավետ եւ համարժեք պատժամիջոցներ։

Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի նաեւ համապատասխան միջոցներ կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված արարքների համար քրեական կամ պատասխանատվության այլ տեսակ սահմանելու, ինչպես նաեւ կոնվենցիայով նախատեսված ակտիվ կաշառակերության, ազդեցությունը շահարկելու եւ փողերի լվացման հանցագործությունների համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ իր քաղաքացու, պետական պաշտոնյայի կամ ներպետական ներկայացուցչական մարմնի անդամի կողմից կամ իր տարածքում կատարված՝ կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար։

Այդ հանցագործությունների նկատմամբ իրավազորությունը հաստատելու պարտավորությունը գործում է նաեւ այն դեպքում, երբ այդ հանցագործություններում ներգրավված է ՀՀ պետական պաշտոնյա կամ ներպետական ներկայացուցչական մարմնի անդամ։ Այն դեպքում, երբ այդ հանցագործություններում ներգրավված է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ միջազգային կազմակերպության պաշտոնյա, միջազգային խորհրդարանական վեհաժողովի անդամ կամ միջազգային դատարանի դատավոր կամ պաշտոնյա, Հայաստանի Հանրապետության վերապահման համաձայն՝ նշված պարտավորությունը կգործի, երբ այդ անձինք կներառվեն ՀՀ քրեական օրենսգրքով ակտիվ եւ պասիվ կաշառակերության համար քրեական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակում։

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայով ստանձնում է նաեւ այնպիսի միջոցներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների ստեղծման, արդարադատության հետ համագործակցող անձանց եւ վկաների պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների հավաքումը եւ այդ հանցագործություններից ստացված եկամուտների բռնագրավումը դյուրացնելու համար։

3. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO)։ Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ հանդիսանում է այդ խմբի անդամ։

Կոնվենցիան սահմանում է դրանով նախատեսված հանցագործությունների քննության գործում միջազգային համագործակցության հիմնական սկզբունքներն ու միջոցները։ Դրանք են՝ փոխադարձ իրավական օգնությունը, տեղեկատվության տրամադրումը, կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց հանձնումը։ Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները՝ որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառված են համարվում Պայմանավորվող կողմերի միջեւ կնքված հանձնման մասին պայմանագրերում եւ պետք է ներառվեն հետագայում կնքվելիք պայմանագրերում։

4. Պայմանավորվող կողմերը պետք է նշանակեն կենտրոնական մարմիններ, որոնք պատասխանատու են կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության կապակցությամբ հարցումներ ուղարկելու եւ այդ հարցումներին պատասխանելու համար։ Կոնվենցիան սահմանում է կենտրոնական մարմինների միջեւ հաղորդակցության կարգը։

Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հայտարարում է, որ կոնվենցիայի 4-րդ գլխում նախատեսված համագործակցության համար պատասխանատու մարմիններն են ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով, եւ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դատարաններում քննվող քրեական գործերով։

5. Կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում հռչակված ժողովրդավարական եւ իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 483

print page Տպել էջը