ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 ապրիլի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետեւ՝ ՍԾՏՀ) անդամ պետությունների կողմից ստորագրվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում։ Արձանագրության նպատակն է, Սեւծովյան տնտեսական համագործակցության սկզբունքներին եւ նպատակներին համապատասխան, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի գործառույթների արդյունավետ իրականացման ապահովումը։

Արձանագրությունը հիմնվում է ՍԾՏՀ կազմակերպության 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ընդունված կանոնադրության, 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում ընդունված ՍԾՏՀ-ի գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների, ինչպես նաեւ 1993թ. փետրվարի 26-ին Ստամբուլում ընդունված «Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման մասին» հռչակագրի վրա։

2. ՍԾՏՀ ԽՎ-ն, նրա սեփականությունը եւ ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում եւ ով է տնօրինում դրանք, օգտվում են անձեռնմխելիությունից, բոլոր տեսակի իրավական գործընթացներից, բացառությամբ այն դեպքի, երբ խորհուրդն իր որոշմամբ թույլատրում է այդ անձեռնմխելիությունից հրաժարում։

Կողմերը պարտավորվում են արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններ եւ արտոնություններ տրամադրել ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հանդիպումների ընթացքում իրենց գործառույթների իրականացման եւ դեպի այդ հանդիպումների վայրն ուղեւորվելու եւ այդ վայրից վերադառնալու ժամանակ։

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մաքսային եւ տարադրամի փոխանակման վերահսկողության հարցերում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչներին տրամադրել ժամանակավոր պաշտոնական պարտականություններ կատարելու նպատակով արտասահման մեկնող ՀՀ գլխավոր պաշտոնյաներին հավասար հնարավորություններ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձաբար, ՍԾՏՀ կազմակերպության մյուս անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին վերը նշված դեպքերում տրամադրում է օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին հավասար հնարավորություններ։

Արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները տրամադրվում են նաեւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության անձնակազմին։

3. Արձանագրությամբ նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի, այլ ի շահ նրանց գործառույթների անկախ իրականացման։ Հետեւաբար, արձանագրությունը նախատեսում է դրանում սահմանված դեպքերում ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կողմից իրենց խորհրդարանների ներկայացուցիչների արտոնություններից եւ անձեռնմխելիություններից հրաժարվելու հնարավորություն։

4. Քննարկվող արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված՝ անդամ պետությունների միջեւ ծագած բոլոր տարաձայնությունները կարգավորվում են խորհրդակցությունների ճանապարհով եւ համաձայնության չհասնելու դեպքում համապատասխան կողմերը պետք է տարաձայնությունները ներկայացնեն խորհրդին՝ քննարկման եւ միջազգային իրավունքին համապատասխան անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ անհրաժեշտ է արձանագրության հայերեն տեքստի 5 եւ 8 հոդվածները համապատասխանեցվեն անգլերեն բնագրին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 31-ին Բաքվում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 ապրիլի 2004 թվականի
ՍԴՈ - 488

print page Տպել էջը