ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 ապրիլի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ.Շիրխանյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման գործողությունների անցկացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի կազմի համար առանձնացվող զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի պատրաստումը, որն իրականացվելու է խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոններում՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատվող միասնական ծրագրերով։

Խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոնները, դրանց թվաքանակը, աշխատանքի պատրաստ լինելու ժամկետները, ինչպես նաեւ առանձնացվող անձնակազմի պատրաստման կարգը որոշում է համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհուրդը։

Խաղաղարար ուժերի պատրաստման կենտրոնների նյութատեխնիկական ապահովումը եւ ֆինանսավորումը կատարվում է այն պետությունների հաշվին, որոնց տարածքում գտնվում են այդ կենտրոնները։

Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետության, ինչպես նաեւ համաձայնագրի նպատակները կիսող այլ պետությունների միանալու համար։

Համաձայնագրի ցանկացած մասնակից կարող է նրանից դուրս գալ՝ իր մտադրության մասին վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Խաղաղության պահպանման գործողություններին մասնակցելու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի պատրաստման ու ուսուցման մասին 1996 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 ապրիլի 1997 թվականի
ՍԴՈ-49

print page Տպել էջը