1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 7 մայիսի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնեւում ստորագրված՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագիրն ստորագրվել է 1996թ. դեկտեմբերի 20-ին՝ Ժնեւում։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002թ. մարտի 6-ին։
Պայմանագրի նպատակն է գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակների իրավունքների պաշտպանության հնարավորին չափ արդյունավետ եւ միասնական զարգացումն ու պահպանումը։
2. Քննության առարկա պայմանագիրը Գրական եւ գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի (այսուհետեւ՝ Բեռնի կոնվենցիա) հիման վրա ստեղծված Միության երկրների միջեւ կնքված հատուկ համաձայնագիր է, որն ընդլայնում է գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների իրավունքների պաշտպանության շրջանակը։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Գրական եւ գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2000թ. հունվարի 11-ին։
3. Պայմանագիրը, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, մշակութային եւ տեխնոլոգիական զարգացումները, ճշգրտում է հեղինակային իրավունքի պահպանության, հեղինակային իրավունքի օբյեկտների շրջանակը։
Պայմանագիրն ամրագրում է գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների՝ իրենց ստեղծագործությունների բնօրինակներն ու կրկնօրինակները հանրամատչելի դարձնելու, դրանք հանրությանը հաղորդելու թույլտվություն տալու, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերը, կինոմատոգրաֆիկ ստեղծագործությունները եւ հնչյունագրերում ամրագրված ստեղծագործությունները վարձույթով տալու բացառիկ իրավունքները։
Պայմանագիրը Պայմանավորվող կողմերին հնարավորություն է տալիս նախատեսել գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին տրամադրվող իրավունքների սահմանափակումներ եւ բացառություններ՝ որոշ հատուկ դեպքերում, որոնք, սակայն, չեն խոչընդոտում տվյալ ստեղծագործության բնականոն օգտագործմանը եւ անհիմն կերպով չեն վնասում հեղինակի օրինական շահերը։ Այս շահերի պաշտպանությունը պետք է երաշխավորվի նաեւ այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը կիրառում է Բեռնի կոնվենցիայով նախատեսված իրավունքների սահմանափակումներն ու բացառությունները։
4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկել անհրաժեշտ եւ արդյունավետ միջոցներ՝ ապահովելու համար պայմանագրի կիրառումը եւ հեղինակների արդյունավետ պաշտպանությունը՝ սույն պայմանագրով ու Բեռնի կոնվենցիայում նախատեսված իրավունքները խախտող գործողություններից։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի պատշաճ իրավական պահպանություն եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ընդդեմ գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների՝ պայմանագրով եւ Բեռնի կոնվենցիայով նախատեսված իրավունքները խախտող գործողությունների։
5. Բեռնի կոնվենցիայով հիմնված Ասամբլեան, համաձայն սույն պայմանագրի, ստանում է հավելյալ իրավասություններ, մասնավորապես՝ զարգացող երկրների պատվիրակների մասնակցությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը դիմելու հնարավորություն։ Պայմանագրին առնչվող վարչական գործառույթները շարունակում է իրականացնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոն։
6. Պայմանագրի 11-րդ հոդվածի հայերեն թարգմանությունն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտալու համար անհրաժեշտ է այն խմբագրական շտկումներով առավել համապատասխանեցնել բնագրի տեքստին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1996թ. դեկտեմբերի 20-ին Ժնեւում ստորագրված՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 490