ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 մայիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնեւում ստորագրված՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների եւ հնչյունագրերի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պայմանագիրն ստորագրվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին՝ Ժնեւում։ Պայմանագիրը բաց է այլ պետությունների միանալու համար։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թ. մայիսի 20-ին։

Պայմանագրի նպատակը կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների իրավունքների պաշտպանության հնարավորին չափ արդյունավետ եւ միասնական զարգացումն ու պահպանումն է։

2. Պայմանագիրը նախատեսում է կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների՝ իրենց կատարումների եւ հնչյունագրերի վերարտադրությունը, առեւտրային նպատակներով դրանց վարձույթը թույլատրելու, կատարումների ու հնչյունագրերի բնօրինակն ու կրկնօրինակները հանրությանը մատչելի դարձնելու բացառիկ իրավունքները, հնչյունագրերի հեռարձակման եւ հրապարակային հաղորդման համար կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների արդարացի վարձատրության իրավունքը։

3. Պայմանագիրը Կողմերին հնարավորություն է տալիս սահմանափակել կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների իրավունքները, որոնք, սակայն, չպետք է խոչընդոտեն տվյալ կատարման կամ հնչյունագրի օգտագործմանը եւ վնասեն կատարողի կամ արտադրողի օրինական շահերը։

4. Պայմանագրի պահպանման, զարգացման, կիրառման եւ այլ հարցերի քննարկման համար Կողմերը հիմնում են Ասամբլեա, իսկ պայմանագրին առնչվող վարչական գործառույթներն իրականացնելու է ՄՍՀԿ-ի Միջազգային բյուրոն։

5. Պայմանագրով Կողմերը պարտավորվում են՝

- պայմանագրով նախատեսված պահպանություն տրամադրել այն կատարողներին եւ հնչյունագրեր արտադրողներին, որոնք այլ Պայմանավորվող պետության քաղաքացի են,

- սահմանել կատարողներին տրամադրվող պաշտպանության ժամկետի տեւողությունն առնվազն մինչեւ 50 տարվա ժամանակահատվածի վերջը,

- ապահովել պատշաճ իրավական պահպանություն եւ կիրառել արդյունավետ միջոցներ՝ ընդդեմ տեխնոլոգիական միջոցների շրջանցումների,

- պայմանագրով նախատեսված իրավունքների ձեռքբերումն ու իրականացումը չենթարկել որեւէ ձեւականության,

- անհրաժեշտ միջոցների օգտագործմամբ ապահովել պայմանագրի լիարժեք կիրառումը եւ այլն։

Պայմանագիրը համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունքին, եւ երաշխավորում է մտավոր սեփականության պաշտպանությունը (հոդված 36)։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1996թ. դեկտեմբերի 20-ին Ժնեւում ստորագրված՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների եւ հնչյունագրերի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 491

print page Տպել էջը