ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԻՄՆԱԴՐՈՂ ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 14 մայիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1973 թվականի հունիսի 12-ին Վիեննայում ստորագրված՝ Նշանների պատկերային տարրերի միջազգային դասակարգումը հիմնադրող Վիեննայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1973թ. հունիսի 12-ին Վիեննայում՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից երկրների կողմից։ Համաձայնագրի նպատակն է նշանների պատկերային տարրերի միասնական դասակարգման ստեղծումը։

Համաձայնագիրն ստորագրման համար բացվել է Վիեննայում մինչեւ 1973թ. դեկտեմբերի 31-ը։ Այն ուժի մեջ է մտել 1985թ. օգոստոսի 9-ից։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը 1994թ. մարտի 29-ին միացել է 1883թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին կոնվենցիային։

2. Ըստ համաձայնագրի՝ երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է քննության առարկա համաձայնագիրը, կազմում են Հատուկ միություն եւ ընդունում են նշանների պատկերային տարրերի համար միասնական դասակարգում (այսուհետեւ՝ Պատկերային տարրերի դասակարգում)։

Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչություններին իրավունք է վերապահվում Դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ։ Պայմանավորվող պետությունների իրավասու գերատեսչությունները դասերի, բաժինների եւ խմբերի համարները պետք է ներառեն այն պաշտոնական փաստաթղթերում եւ նշանների գրանցման ու ժամկետի երկարաձգման մասին հրապարակումներում, որտեղ այդ նշանների պատկերային տարրերը զետեղվում են։

Համաձայնագիրը սահմանում է Պատկերային տարրերի դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու կարգը։

3. Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրել Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն։ Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը կազմված է Հատուկ միության պետություններից։ Յուրաքանչյուր պետության կառավարություն Ասամբլեայում ներկայացված է իր պատվիրակության միջոցով։

Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի եւ Ասամբլեայի գործառույթները։

4. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություն՝ կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ պատվիրակության ծախսերը հոգալու հետ։ Հայաստանի Հանրապետությունը, որպես Հատուկ միության անդամ, պարտավորվում է նաեւ մուծել տարեկան վճարներ՝ Հատուկ միության բյուջե եւ միանվագ վճար՝ Հատուկ միության շրջանառու միջոցների ֆոնդին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1973թ. հունիսի 12-ին Վիեննայում ստորագրված՝ Նշանների պատկերային տարրերի միջազգային դասակարգումը հիմնադրող Վիեննայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 494

print page Տպել էջը