1971 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 14 մայիսի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1971 թվականի մարտի 24-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագիրն ստորագրվել է 1971թ. մարտի 24-ին՝ Ստրասբուրգում։ Համաձայնագիրը փոփոխվել է 1979թ. սեպտեմբերի 28-ին։ Համաձայնագրի նպատակն է գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների եւ օգտակարության մասին վկայագրերի միասնական դասակարգման ստեղծումը։
Քննության առարկա համաձայնագիրը 1883թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետությունների միջեւ կնքված հատուկ համաձայնագիր է։
2. Համաձայնագրի Պայմանավորվող կողմերը կազմում են Հատուկ միություն եւ ընդունում են գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների եւ օգտակարության մասին վկայագրերի միասնական դասակարգում, որը կրում է բացառապես վարչական բնույթ։ Հատուկ միության երկրներին իրավունք է վերապահվում այդ դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ։
Համաձայնագիրը ճշգրտում է դասակարգման բովանդակությունը եւ դրա կազմման լեզուները։
3. Համաձայնագրով հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն։ Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի գործառույթները, դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը։
Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որի անդամ է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն։
Համաձայնագիրը սահմանում է Հատուկ միության բյուջեի ֆինանսավորման աղբյուրները։
4. Քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմիններն իրենց կողմից տված արտոնագրերում, հեղինակային վկայագրերում, առանձնանմուշներում եւ օգտակարության մասին վկայագրերում, ինչպես նաեւ դրանց վերաբերող հայտերում ներառեն տվյալ գյուտի նկատմամբ կիրառելի՝ Դասակարգման լրիվ ցուցիչները,
- արտոնագիր տալը որեւէ միջկառավարական մարմնի հանձնարարելու դեպքում՝ ձեռնարկել այդ մարմնի կողմից համաձայնագրի հոդված 4-ին համապատասխան Դասակարգման կիրառումն ապահովող բոլոր հնարավոր միջոցները։
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաեւ ֆինանսական պարտավորություններ՝ կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ կառավարությունը ներկայացնող պատվիրակության ծախսերը հոգալու, Հատուկ միության բյուջե տարեկան վճար մուծելու եւ Հատուկ միության շրջանառու միջոցների հիմնադրամին միանվագ վճար տրամադրելու հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1971թ. մարտի 24-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 495