2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 11 հունիսի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական եւ տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. հոկտեմբերի 7-ին՝ Քիշնեւում։ Համաձայնագրի նպատակն է Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական եւ տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհրդի ստեղծումը, ինչը կնպաստի Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջեւ տնտեսական վեճերով փոխադարձ իրավական օգնության ընդլայնմանը, տնտեսական օրենսդրության եւ դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակմանը։
2. Համաձայնագրով Կողմերը կազմավորում են Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական եւ տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ (այսուհետեւ՝ Խորհուրդ), որը գործում է համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Կանոնադրության հիման վրա։
Կողմերին իրավունք է վերապահվում դուրս գալ համաձայնագրից՝ դրանում սահմանված կարգով։
3. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում են Խորհրդի հիմնական գործառույթները, այն է՝ տնտեսական վեճերի լուծման եւ տնտեսական օրենսդրության կիրառման բնագավառում իրավական տեղեկատվության ակտիվ փոխանակման ապահովում, այդ ոլորտում համաձայնեցված մոտեցումների եւ դիրքորոշումների մշակման նպատակով փոխադարձ խորհրդատվությունների անցկացում։
Խորհրդի կանոնադրությունը սահմանում է նաեւ Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նախագահի ընտրության, որոշումների ընդունման կարգը, որոշումների բնույթը եւ տեսակները։
4. Քննության առարկա համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, պարտավորություն են ստանձնում կրել Խորհրդի նիստերին մասնակցելու համար Խորհրդի՝ իրենց անդամների գործուղման ծախսերը, ինչպես նաեւ Խորհրդի նիստի՝ տվյալ Կողմի տարածքում անցկացվելու դեպքում կրել Խորհրդի նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական-տեխնիկական ծախսերը։
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես՝ Անկախ պետությունների համագործակցության 1993թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ, «Տնտեսական դաշինքի ստեղծման մասին» 1993թ. սեպտեմբերի 24-ի համաձայնագրով, «Տնտեսական գործունեության իրագործման հետ կապված վեճերի լուծման կարգի մասին» 1992թ. մարտի 20-ի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից եւ կոչված են ապահովելու Կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված՝ արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական եւ տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ - 496