ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 հունիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված՝ Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001թ. սեպտեմբերի 28-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002թ. դեկտեմբերի 11-ին։ Համաձայնագրի նպատակն է կարգավորել մշակութային արժեքների արտահանմանը եւ ներմուծմանը վերաբերող հարաբերությունները։

2. Համաձայնագիրը նախատեսում է անդամ պետությունների տարածքներով մշակութային արժեքների տարանցման, այդ տարածքներից մշակութային արժեքների արտահանման, այդ թվում՝ ժամանակավոր արտահանման եւ ներմուծման, ինչպես նաեւ դրանց թույլտվությունների տրամադրման կարգը։

3. Համաձայնագիրը նախատեսում է նաեւ, որ մշակութային արժեքներն արտահանելիս պահանջվում է ներկայացնել արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունը եւ հայտարարագրել արտահանվող մշակութային արժեքը։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա՝

- մյուս Կողմերին տրամադրել տեղեկատվություն անդամ պետությունների սահմաններով մշակութային արժեքների տեղափոխման կարգը սահմանող օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, մշակութային արժեքների կատեգորիաների ցանկերի, ինչպես նաեւ նշված կարգի կամ օրենսդրության բոլոր փոփոխությունների մասին,

- արգելել այն մշակութային արժեքների ներմուծումը, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում,

- առգրավել հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքները՝ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված օրինական սեփականատերերին վերադարձնելու համար,

- մյուս Կողմերին տեղյակ պահել ՀՀ տարածքից մշակութային արժեքների արտահանման թույլտվության ձեւի մասին,

- ՀՀ տարածքում մաքսային կամ այլ իրավապահ մարմինների կողմից ապօրինի տեղափոխման կասկածանքով առգրավված մշակութային արժեքները ենթարկել պարտադիր փորձաքննության,

- ապահովել համաձայնագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների անցկացումը՝ ներառյալ համապատասխան օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումն ու ընդունումը,

- համաձայնագրի կիրառմանը կամ մեկնաբանմանն առնչվող վիճելի հարցերը լուծել մյուս Կողմերի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված՝ Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ - 497

print page Տպել էջը