2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 29 հունիսի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության (այսուհետեւ՝ Համագործակցություն) մասնակից պետությունների կողմից՝ ի դեմս իրենց կառավարությունների, ստորագրվել է 2003թ. ապրիլի 25-ին՝ Մոսկվայում։
Համաձայնագրի նպատակն է Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի սահմանման հարցում միասնական մոտեցման ապահովումը, ինչպես նաեւ Համագործակցության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը։
2. Համաձայնագրով Համագործակցության մարմինների պաշտոնատար անձինք եւ աշխատակիցները հավասարեցվում են միջազգային ծառայողներին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարգել այդ անձանց՝ որպես միջազգային ծառայողի, կարգավիճակը եւ չազդել նրանց վրա՝ իրենց պաշտոնական գործառույթները կատարելիս։
Կողմերը պարտավորվում են համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններ եւ արտոնություններ տրամադրել Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց, աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին։
Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների համար ընդունող պայմանավորվող կողմի տարածքում երաշխավորվում է ազատ տեղաշարժի իրավունք՝ այդ Կողմի ներպետական օրենսդրությանը համապատասխան։
Պայմանավորվող կողմերը Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների ծառայողական վկայականներն ընդունում են որպես այդ անձանց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաեւ որպես ընդունող պետություն՝ իրենց պետության քաղաքացի չհանդիսացող պաշտոնատար անձանց եւ աշխատակիցներին տրամադրում են արտոնությունների եւ անձեռնմխելիությունների նկատմամբ նրանց իրավունքները հաստատող փաստաթղթեր։
3. Համաձայնագիրը կարգավորում է Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց, աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հետ կապված հարցերը։
Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց համար՝ այդ մարմիններում աշխատանքն ավարտելուց հետո երաշխավորվում է մինչեւ Համագործակցության մարմիններում աշխատանքի ուղարկվելն ուղարկող պետությունում զբաղեցրած նախկին պաշտոնը կամ հավասարազոր պաշտոն զբաղեցնելու իրավունքը։
Համագործակցության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ցանկացած այլ գործունեությամբ՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական եւ մանկավարժական գործունեության։
4. Համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի, այլ նրանց կողմից իրենց պաշտոնական գործառույթների արդյունավետ եւ անկախ իրականացման համար։
Համաձայնագրի դրույթները, հանգամանքներից բխող փոփոխություններով, կիրառվում են Համագործակցության տնտեսական դատարանի դատավորների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես՝ Անկախ պետությունների համագործակցության 1993թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ եւ Համագործակցության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից եւ կոչված են ապահովելու Կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. ապրիլի 25-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ - 499