ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց 1995 թվականի հոկտեմբերի 19-ին Երեւանում ստորագրված "Հայաստանի Հանրապետության՝ եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հյուպատոսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հյուպատոսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ներկայացված տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հյուպատոսական համագործակցության մասին համաձայնագիրն արձանագրվել է 1992 թվականի հուլիսի 16-ին Դամասկոսում եւ ստորագրվել 1995 թվականի հոկտեմբերի 19-ին Երեւանում։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը եւ ընդլայնել հյուպատոսական կապերը երկու պետությունների միջեւ։

Համաձայնագրի 1, 2, 3, 4, 5 հոդվածներով սահմանվում են դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց, այդ թվում՝ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին եւ ուղեկցողներին, պետական պայմանագրերով գործուղվող մասնագետներին մուտքի եւ տարանցիկ արտոնագրեր տալու կարգն ու ժամկետները։

Համաձայնագրով (7, 8, 9 հոդվածներ) կարգավորվում են Կողմերի տարածքում իրենց քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, մասնավորապես, ընդունող երկրում մյուս կողմի քաղաքացու մահվան, դժբախտ պատահարի կամ նրա կալանավորման դեպքում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հարցերը։

Ըստ համաձայնագրի 10 հոդվածի, այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ հինգ տարի ժամկետով, եւ ենթակա է երկարաձգման, եթե Կողմերից մեկը վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցել դրա գործողության դադարեցման վերաբերյալ իր որոշման մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի հոկտեմբերի 19-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հյուպատոսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-5

print page Տպել էջը