ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲԱԶԵԼԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 ապրիլի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման եւ դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման եւ դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման եւ դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականի մարտի 22-ին, ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 5-ին։

Կոնվենցիան, նկատի ունենալով, որ վտանգավոր եւ այլ թափոններ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար էական վտանգ են ներկայացնում, իսկ դրանց անդրսահմանային տեղափոխումները կարող են հակասել այլ պետությունների շահերին եւ նրանց քաղաքացիների իրավունքներին, նպատակ ունի կանխել վտանգավոր եւ այլ թափոնների անօրինական շրջանառությունը, ապահովել վտանգավոր թափոնների ու դրանց վերամշակման եւ վնասազերծման վերաբերյալ պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ աջակցել նոր զարգացող երկրներին՝ նրանցում առկա վտանգավոր եւ այլ թափոնների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ։

Կոնվենցիան սահմանում է մասնակից պետությունների համար ընդհանուր պարտականություններ՝ կապված վտանգավոր թափոնների արտահանումն ու ներմուծումն արգելելու կամ թույլատրելու, այդ թափոնների արտադրությունը նվազեցնելու, շրջակա միջավայրը եւ բնակչության առողջությունը վտանգող միջոցառումները կանխելու, թափոնների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու, թափոնների տեղափոխման համար թույլտվություն սահմանելու եւ այլ խնդիրներ իրականացնելու հետ։

Կոնվենցիան ունի 6 հավելված, որոնք կազմում են նրա բաղկացուցիչ մասը։

Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման եւ դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետեւում է, որ սույն կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են նաեւ ՀՀ Սահմանադրության 10 հոդվածի պահանջներից, համաձայն որի՝ «Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը»։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման եւ դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 ապրիլի 1997 թվականի
ՍԴՈ - 50

print page Տպել էջը