1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 13 օգոստոսի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված՝Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Կանոնադրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (այսուհետեւ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում՝ Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում։
Կոնֆերանսին մասնակցած պետություններից 120-ը կողմ են քվեարկել Կանոնադրության ընդունմանը, 7-ը՝ դեմ (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա եւ Իսրայել), 21-ը՝ ձեռնպահ։
Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։
Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից։
Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու եւ դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ Դատարան) հիմնադրումը։
2. Կանոնադրության հիման վրա ձեւավորվում է մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարան։ Դատարանը միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված անկախ միջազգային դատարան է, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնելու միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ եւ, ըստ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասի եւ հոդված 1-ի, լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինների համակարգը։
Կանոնադրության հիման վրա 2003թ. փետրվարի 7-ին կատարվել է Միջազգային քրեական դատարանի 18 դատավորների ընտրությունը։
3. Կանոնադրության 5 հոդվածը սահմանում է Դատարանին ընդդատյա հանցագործությունների շրջանակը։ Այդ հանցագործություններն են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ընդ որում՝ դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, այլեւ միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաեւ ագրեսիայի հանցագործությունը։ Կանոնադրությունն ամրագրում է, որ ագրեսիայի նկատմամբ Դատարանն իր իրավազորությունը կիրականացնի միայն այն ժամանակ, երբ Կանոնադրության 121 եւ 123 հոդվածների համաձայն կընդունվի այդ հանցագործությունը սահմանող եւ այն պայմաններն ամրագրող դրույթը, որոնց դեպքում Դատարանն իրականացնում է իր իրավազորությունն այդ հանցագործությունների նկատմամբ։
Դատարանի կողմից Կանոնադրության 5 հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ.
- Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը։
Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կողմից գործի ընդունելիության մասին որոշում կայացնելու կարգը, գործի ընդունելիությունը մերժելու հիմքերը, գործի ընդունելիության մասին որոշման բողոքարկման կարգը։
4. Կանոնադրության 29 հոդվածի համաձայն՝ Դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում։ Կանոնադրության այս դրույթը համահունչ է Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993թ. մարտի 31-ին), ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1973թ. դեկտեմբերի 3-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերման, ձերբակալման, հանձնման եւ պատժի հետ կապված հարցերում միջազգային համագործակցության սկզբունքների մասին» բանաձեւին։
ՀՀքրեական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն՝վաղեմության ժամկետ չի կիրառվում խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ։ Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե դրանցում սահմանված է վաղեմության ժամկետ կիրառելու արգելք։
5. Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կառուցվածքը, Դատարանի մարմինների գործառույթներն ու լիազորությունները, դատավորների ընտրության կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները։ Կանոնադրության 34 հոդվածի համաձայն՝ Դատարանի մարմիններն են Նախագահությունը, Վերաքննիչ բաժանմունքը, Դատական բաժանմունքը, Մինչդատական վարույթի բաժանմունքը, Դատախազի գրասենյակը եւ Քարտուղարությունը։ Դատարանի դատական գործառույթները յուրաքանչյուր բաժանմունքում իրականացնում են պալատները։
Դատախազի գրասենյակը գլխավորում է Դատախազը, որին օգնում են մեկ կամ մի քանի տեղակալներ։
Դատարանի Քարտուղարությունը պատասխանատու է Դատարանի ոչ դատական բնույթի գործունեության կառավարման եւ սպասարկման համար։
Կանոնադրությամբ քննություն նախաձեռնելու իրավասությունը վերապահված է Դատախազին, որը քննություն է հարուցում Մինչդատական վարույթի պալատի թույլտվության հիման վրա։ Մինչդատական վարույթի պալատին են վերապահված գործի ընդունելիության կապակցությամբ որոշում կայացնելու, քննություն նախաձեռնելու թույլտվություն տալու, անձի կալանավորման օրդեր տալու, մեղադրանքները հաստատելու լիազորությունները։
Գործի ըստ էության քննությունն իրականացնում է Դատական պալատը։
Վերաքննիչ պալատը բողոքի հիման վրա վերանայում է ինչպես Դատական պալատի կողմից գործով ըստ էության կայացված դատավճիռը, այնպես էլ Մինչդատական պալատի կայացրած որոշումները։
6. Կանոնադրության 6, 7 եւ 8 հոդվածների մեկնաբանման եւ կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների հանցակազմերը, Դատարանին օգնում է «Հանցագործության տարրեր» ակտը, որն ընդունվել է Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի՝ 2002թ. սեպտեմբերի 3-10-ը տեղի ունեցած նիստում։ Կանոնադրության 9 հոդվածի համաձայն՝ նշված ակտը պետք է համապատասխանի Կանոնադրությանը։
Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի՝ 2002թ. սեպտեմբերի 3-10-ը տեղի ունեցած նիստում ընդունվել են նաեւ Ընթացակարգի եւ ապացուցման կանոններ, որոնք պետք է համապատասխանեն Կանոնադրությանը. վերջինիս դրույթներին հակասելու դեպքում Կանոնադրությունն ունի գերակայող ուժ։ Նշված փաստաթուղթը կոչված է հստակեցնելու Կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերն ու պահանջները, սահմանել Կանոնադրությամբ նախատեսված իրավունքների եւ պարտականությունների իրացման կարգը։
Ընթացակարգի եւ ապացուցման կանոնների Բացատրագրում նշված է, որ այդ փաստաթուղթը Դատարանի կողմից Կանոնադրությունը կիրառելու համար օգտագործվող միջոց է։ Բոլոր դեպքերում, այդ Կանոնները պետք է ընթերցվեն Կանոնադրության դրույթների հետ համակցված։
Ընթացակարգի եւ ապացուցման կանոնները չեն շոշափում մասնակից պետությունների ներպետական դատավարական նորմերը՝ ներպետական դատական վարույթների կապակցությամբ։
7. Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի կողմից քննության, քրեական հետապնդման եւ քրեական իրավունքի միջազգային չափորոշիչներն ու սկզբունքները։ Մասնավորապես, ոչ ոք չի կարող Կանոնադրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե կատարման պահին տվյալ արարքը Դատարանին ընդդատյա հանցագործություն չէ (nullum crimen sine lege), Դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձը կարող է պատժվել միայն Կանոնադրության համապատասխան (nulla poena sine lege), Կանոնադրության դրույթները չեն կարող կիրառվել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքի համար (ratione personae)։
Կանոնադրությունն ամրագրում է նաեւ Դատարանի գործունեության հիմքում ընկած՝ քրեական իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անհատական պատասխանատվության, պաշտոնական դիրքը վկայակոչելու անթույլատրելիության, ինչպես նաեւ միեւնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքները (ne bis in idem)։ Կանոնադրությունը, սակայն, նախատեսում է վերջին սկզբունքից որոշակի բացառություն, որը սերտորեն առնչվում է պետության՝ քրեական հետապնդում իրականացնելու ցանկության հնարավոր բացակայության հանգամանքին։ Միեւնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքն ամրագրող՝ Կանոնադրության 20 հոդվածը տարանջատում է կատարում այդ սկզբունքի՝ ներպետական եւ միջազգային մակարդակներում կիրառման միջեւ։ Ելնելով այս մոտեցումից՝ Կանոնադրությունը թույլատրում է Դատարանին նշված փաստաթղթով նախատեսված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկել անձին, որն այդ հանցագործությունների համար արդեն իսկ դատապարտվել է ներպետական դատարանների կողմից, եթե այդ դատարանում դատավարությունն իրականացվել է տվյալ անձին՝ Դատարանին ընդդատյա հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելուց պաշտպանելու համար կամ չի իրականացվել անկախ կամ անկողմնակալ, միջազգային իրավունքում ընդունված պատշաճ ընթացակարգի նորմերին համապատասխան, եւ իրականացվել է այնպես, որ անհամատեղելի է եղել անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելու մտադրության հետ։
Կանոնադրությունը նաեւ իրավական երաշխիքներ է ստեղծում Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու համար։ Մասնավորապես, երաշխավորվում է դատաքննության կազմակերպումը մեղադրյալի պարտադիր ներկայությամբ, ամրագրվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, Միջազգային քրեական դատարանի Դատական պալատը կրում է դատաքննությունն անաչառ եւ առանց ձգձգումների կազմակերպելու, մեղադրյալի իրավունքները հարգելու, տուժողներին ու վկաներին պաշտպանելու պարտականություն։ Կանոնադրությունը նաեւ երաշխավորում է Դատարանի կողմից իրականացվող քննությանը մասնակից այլ անձանց՝ վկաների, տուժողների իրավունքների պաշտպանությունը։ Կանոնադրության 75 հոդվածը տուժողներին ընձեռում է վնասի հատուցում ստանալու հնարավորություն։ Կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի որոշմամբ ստեղծվում է նաեւ Նպատակային հիմնադրամ՝ ի շահ Դատարանին ընդդատյա հանցագործություններից տուժածների եւ նրանց ընտանիքների։
Կանոնադրության 55 հոդվածը սահմանում է Դատարանի կողմից իրականացվող քննության ընթացքում անձանց իրավունքները, 67 հոդվածը սահմանում է մեղադրյալի իրավունքները։
8. Կանոնադրության համաձայն՝ դրանում նախատեսված հանցագործությունների համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կարող են նշանակվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժամիջոցներ։ Որպես հիմնական պատժամիջոց կարող է նշանակվել ազատազրկում՝ 30 տարին չգերազանցող ժամկետով, կամ ցմահ ազատազրկում։
Կանոնադրությունը սահմանում է Դատարանի դատավճիռը բողոքարկելու կարգը, բողոքարկման եւ վերանայման հիմքերը։
9. Կանոնադրությունը ներառում է առանձին բաժին, որով կանոնակարգվում են Դատարանի եւ Կանոնադրության մասնակից պետությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները։ Կանոնադրությունը սահմանում է համագործակցության իրավական հիմքերն ու ձեւերը։ Կանոնադրությամբ նախատեսված համագործակցության հիմնական ձեւերն են.
-անձի կալանավորումը եւ փոխանցումը Դատարանին,
-հետաքննություն եւ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ գործնական օգնության այլ ձեւերը, որոնք պետություններն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան։
Կանոնադրության 9-րդ բաժնում սահմանված է մասնակից պետությանը՝ անձին կալանավորելու եւ Դատարանին փոխանցելու պահանջ, ինչպես նաեւ Դատարանին աջակցություն ցույց տալու կապակցությամբ խնդրանք ներկայացնելու եւ կատարելու կարգը։
Կանոնադրության 93 հոդվածը թույլատրում է աջակցության խնդրանքի մերժում, եթե այն վերաբերում է այնպիսի փաստաթղթերի ներկայացմանը կամ ապացույցների բացահայտմանը, որոնք առնչվում են իր ազգային անվտանգությանը։
10. Կանոնադրության մասնակիցները, իրենց հայեցողությամբ եւ կամավորության սկզբունքով, մասնակցում են Դատարանի դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժն իրականացնելու գործին։ Դատարանը դատապարտված անձին ընդունելու պատրաստակամություն հայտնած պետությունների ցանկից նշանակում է այն պետությանը, որտեղ տվյալ անձը պետք է կրի պատիժը։
Ազատազրկման ձեւով նշանակված պատժի կատարումն իրականացվում է Դատարանի հսկողությամբ։
Կանոնադրությունը նախատեսում է պատժի կրճատման հնարավորություն, որը կարող է անել միայն Դատարանը։
11. Կանոնադրությամբ հիմնադրվել է Մասնակից պետությունների ասամբլեա, որում յուրաքանչյուր մասնակից պետություն ունի մեկ ներկայացուցիչ։ Դատարանի եւ Մասնակից պետությունների ասամբլեայի ծախսերը ծածկվում են Դատարանի միջոցների հաշվին, որոնք գոյանում են մասնակից պետությունների կողմից կատարվող վճարումներից եւ ՄԱԿ-ի կողմից տրամադրվող միջոցներից։
12. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- ճանաչել Միջազգային քրեական դատարանը՝ որպես ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները լրացնող ինստիտուտ,
- ճանաչել Դատարանի իրավազորությունը՝ Կանոնադրության 5 հոդվածով սահմանված առավելծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ,
- ճանաչել ՀՀ տարածքում Դատարանի՝ Կանոնադրությամբ նախատեսված իր լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու իրավունքը,
- Կանոնադրությունը հավասարապես կիրառել բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնական դիրքով պայմանավորված տարբերակման, ապահովել, որպեսզի ազգային կամ միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը կամ դատավարական հատուկ նորմերը, որոնք կարող են կապված լինել անձի պաշտոնական դիրքի հետ, չխոչընդոտեն Դատարանի՝ այդ անձանց նկատմամբ իր իրավազորության իրականացմանը,
- ՀՀ տարածքում երաշխավորել Դատարանի՝ այնպիսի արտոնություններից եւ անձեռնմխելիությունից օգտվելու իրավունքը, որոնք անհրաժեշտ են նրա նպատակների իրականացման համար, երաշխավորել դատավորների, դատախազի, դատախազի տեղակալների եւ քարտուղարի՝ Դատարանի գործունեությանը մասնակցելու ընթացքում կամ նման գործունեության առնչությամբ այնպիսի արտոնություններից եւ անձեռնմխելիությունից օգտվելու իրավունքը, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին,
- ճանաչել Դատախազի՝ Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ տարածքում առանձին քննչական գործողություններ կատարելու իրավունքը,
- ճանաչել Մինչդատական վարույթի պալատի՝ Կանոնադրության 56 եւ 57 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելու իրավունքը,
- համագործակցել Դատարանի հետ՝ Դատարանին ընդդատյա հանցագործությունների կապակցությամբ նրա կողմից իրականացվող քննության եւ քրեական հետապնդման գործում,
- Կանոնադրության 9-րդ բաժնում նշված համագործակցության բոլոր ձեւերի համար երաշխավորել ՀՀ ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի առկայությունը,
- Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթներին եւ ՀՀ ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերին համապատասխան կատարել Դատարանի՝ անձին կալանավորելու եւ փոխանցելու մասին պահանջը,
- Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթների եւ ՀՀ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ Դատարանին օգնություն ցույց տալու մասին խնդրանքի կատարման նպատակով կատարել Կանոնադրության 93 հոդվածում նշված քննչական գործողությունները,
-ձգտել բավարարելու Դատարանի այն խնդրանքը, որը կապված է Կանոնադրության համաձայն Դատարանին փոխանցված անձի նկատմամբ դատավարական գործողություններ, պատիժ կամ կալանավորում իրականացնելու հետ՝ մինչեւ փոխանցումը կատարած ցանկացած արարքի համար, որը տարբեր է, քան այն արարքը կամ արարքի ընթացքը, ինչը հանդիսանում է այն հանցագործության հիմքը, որի համար այդ անձը փոխանցվում է,
- կրել ՀՀ տարածքում համագործակցության եւ աջակցության վերաբերյալ խնդրանքների կատարման հետ կապված սովորական ծախսերը, բացառությամբ Կանոնադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված ծախսերի, ինչպես նաեւ Կանոնադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված ծախսերը, եթե համագործակցության վերաբերյալ խնդրանքով Հայաստանի Հանրապետությունն է դիմել Դատարանին,
- ճանաչել Դատարանի իրավազորությունն իր կողմից իրականացվող արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, որոնք թվարկված են Կանոնադրության 70 հոդվածի 1-ին կետում, եւ ՀՀ քաղաքացիների կողմից կամ ՀՀ տարածքում կատարված այդպիսի հանցագործությունների վրա տարածել հետաքննության անցկացման եւ դատաքննության իրականացման դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներ նախատեսող ՀՀ քրեական օրենսդրությունը,
- ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն կատարել տուժողների վնասի հատուցման վերաբերյալ Դատարանի՝ Կանոնադրության 75 հոդվածի համաձայն ընդունած որոշումը,
- իր համար պարտադիր ճանաչել Դատարանի՝ ազատազրկման ձեւով պատժի նշանակման վերաբերյալ դատավճիռը, ոչ մի դեպքում չփոփոխել այդ դատավճիռը,
- ընդունել Դատարանի բացառիկ իրավունքը՝ որոշում ընդունելու բողոքարկման կամ վերանայման մասին միջնորդության կապակցությամբ,
- չխոչընդոտել դատապարտված անձին դատավճռի բողոքարկման կամ վերանայման մասին Դատարանին միջնորդություններ ներկայացնելու հարցում,
- մասնակցել Դատարանի եւ մասնակից պետությունների ասամբլեայի, ներառյալ՝ նրա բյուրոյի եւ օժանդակ մարմինների ծախսերի վճարմանը։
13. Կանոնադրությանը Հայաստանի Հանրապետությունը միանում է հայտարարությամբ։ Կանոնադրության 124 հոդվածը մասնակից պետություններին թույլ է տալիս հայտարարել, որ Կանոնադրության՝ տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում ինքը չի ընդունում Դատարանի իրավազորությունը 8 հոդվածում նշված հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ, երբ, ինչպես ենթադրվում է, հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիների կողմից կամ իր տարածքում։ Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությանը միանում է նույնաբովանդակ հայտարարությամբ։
14. Ներկայումս միջազգային հարաբերություններում իրականություն է դարձել պետությունների կողմից իրականացվող առանձին իրավասություններ տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով գործող որոշ հատուկ կառույցների միջոցով իրականացնելը։ Նույնը վերաբերում է նաեւ արդարադատություն իրականացնելու իրավազորության իրացմանը։
ՀՀ Սահմանադրությունն իր նախաբանում հավաստում է հայ ժողովրդի հավատարմությունը համամարդկային արժեքներին։
ՀՀ Սահմանադրության 4 հոդվածն ամրագրում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան իրականացնելու պետության պարտականությունը։ ՀՀ Սահմանադրության նշված դրույթներն ստեղծում են իրավական հնարավորություններ ներգրավվելու այնպիսի համամարդկային արժեքների պաշտպանությանը, ինչպիսիք են խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Վերջիններս այն արժեքներն են, որոնց պաշտպանությանն է ուղղված նաեւ մշտական հիմունքներով գործող միջազգային քրեական դատարանի հիմնադրման գաղափարը։
Կանոնադրությունը նախատեսում է պետությունների եւ Դատարանի փոխհարաբերության կարգավորման այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ, որոնք ուղղված են պետության՝ Դատարանի իրավազորությունը ճանաչելու պարտավորության եւ պետության ինքնիշխանության սկզբունքի ներդաշնակմանը եւ իրավական համաձայնեցմանը։ Այդ խնդիրը, մասնավորապես, լուծվում է Կանոնադրության հետեւյալ դրույթների միջոցով.
- Դատարանն իր իրավազորությունն իրականացնում է Կանոնադրությամբ նախատեսված միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են՝
ա) Կանոնադրության մասնակից պետության կամ Կանոնադրությանը համապատասխան Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության տարածքում՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, /ա/ ենթակետ),
բ) Կանոնադրության մասնակից պետության կամ Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության քաղաքացիների կողմից՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, /բ/ ենթակետ)։
Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի իրավազորության հիմքում ընկած հիմնական սկզբունքը, այն է՝ Դատարանը, իրավազորություն իրականացնելով Կանոնադրությամբ նախատեսված ծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց նկատմամբ, լրացնում է ներպետական իրավազորության մարմինները։ Դատարանի իրավազորության հիմքում ընկած այս սկզբունքի բովանդակությունը, մասնավորապես, բացահայտված է Կանոնադրության 17 հոդվածում, որի համաձայն՝ Դատարանն իրավասու է Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների նկատմամբ արդարադատություն իրականացնել միայն այն դեպքում, երբ տվյալ պետությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների առնչությամբ պատշաճ կերպով իրականացնել քննություն կամ քրեական հետապնդում։ Նույն հոդվածը նաեւ հստակորեն սահմանում է այն գործոնները, որոնք օբյեկտիվ հիմք են հանդիսանում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետության կողմից քննություն կամ քրեական հետապնդում իրականցնելու ցանկության բացակայությունը միջազգային իրավունքով ճանաչված համապատասխան ընթացակարգային նորմերին համապատասխան գնահատելու համար։ Կանոնադրության 17 հոդվածի 3-րդ կետը սահմանում է նաեւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետության՝ քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու անկարողության առկայության գնահատման օբյեկտիվ հիմքերը։ Բացի դրանից, Կանոնադրության 19 հոդվածը տվյալ գործի նկատմամբ իրավազորություն ունեցող պետությանը հնարավորություն է տալիս վիճարկել գործի ընդունելիությունը եւ Դատարանի իրավազորությունն այն հիմքով, որ այդ պետությունը գործով քննություն կամ քրեական հետապնդում է իրականացնում կամ իրականացրել է։ Դատարանի՝ ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող բնույթը դրսեւորվում է նաեւ նրանում, որ Կանոնադրությունը նախատեսում է նաեւ կոնկրետ անձանց նկատմամբ քննությունը Դատախազի կողմից իրավասու պետությանը փոխանցելու հնարավորություն, երբ այդ պետությունը Կանոնադրությամբ սահմանված ժամկետում Դատարանին տեղեկացնում է, որ ինքը քննություն է իրականացնում կամ իրականացրել է այդ անձանց նկատմամբ։
Այսուհանդերձ, Կանոնադրության նախաբանի 10-րդ մասով եւ հոդված 1-ով նախատեսված՝ ներպետական քրեական իրավազորության մարմինների լրացման դրույթը չի բխում ՀՀ Սահմանադրության 91 եւ 92 հոդվածներով ամրագրված նորմերից։ Արդարադատության իրականացումը հանդիսանում է դատարանների բացառիկ իրավասությունը։ Ներպետական դատական համակարգի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Սահմանադրության 92 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, այդ թվում նաեւ քրեական իրավազորություն իրականացնող դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը։
ՀՀ Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 9-րդ գլուխը, հստակորեն սահմանելով ՀՀ դատական իշխանության համակարգը, չի նախատեսում որեւէ դրույթ, որը հնարավորություն կտար միջազգային պայմանագրով լրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինների համակարգը՝ քրեական իրավազորության միջազգային դատական մարմնով։
15. Պետության ինքնիշխանության սկզբունքի եւ Դատարանի իրավազորության փոխհարաբերության հիմնախնդրին են առնչվում նաեւ Կանոնադրության 54 հոդվածի 2-րդ կետի, 57 հոդվածի 3-րդ կետի /դ/ ենթակետի եւ 99 հոդվածի 4-րդ կետի դրույթները։ Այս դրույթները հնարավորություն են ընձեռում Դատախազին համապատասխան մասնակից պետության տարածքում անմիջականորեն իրականացնել առանձին քննչական գործողություններ՝ առանց այդ պետության կողմից համագործակցության համաձայնություն ստանալու կամ առանց այդ պետության իշխանությունների ներկայության։
Կանոնադրության նշված դրույթները եւ 54, 57 եւ 99 հոդվածների այլ դրույթներ, Դատախազին տրամադրելով բավականին լայն լիազորություններ, միաժամանակ նախատեսում են մի շարք երաշխիքներ, որոնք հաշվի են առնում պետության ինքնիշխանությունը եւ թույլ չեն տա Դատախազին չարաշահել իր իրավասությունը։ Այսպես.
- Կանոնադրության 54 եւ 57 հոդվածների համաձայն՝ Դատախազը մասնակից պետության տարածքում առանձին քննչական գործողություններ կարող է անմիջականորեն իրականացնել Մինչդատական վարույթի պալատի թույլտվությամբ։ Մինչդատական վարույթի պալատը նման թույլտվություն տալիս պետք է հնարավորինս հաշվի առնի տվյալ պետության կարծիքը։ Եվ որ ամենակարեւորն է՝ Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազին անմիջական քննչական գործողությունների թույլտվություն տալ միայն այն դեպքում, երբ հավաստիանում է, որ տվյալ պետությունն ի վիճակի չէ կատարել իր տարածքում համապատասխան քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ խնդրանքը՝ դրա համար անհրաժեշտ լիազորությամբ օժտված որեւէ մարմնի կամ դատական համակարգի որեւէ օղակի բացակայության պատճառով։
- Կանոնադրության 99 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Դատախազը մասնակից պետության տարածքում, առանց այդ պետության իշխանությունների ներկայության, կարող է կատարել միայն այնպիսի քննչական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց հարկադրանքի միջոցների, եւ եթե դա էապես կարեւոր է այդպիսի քննչական գործողությունների կատարման համար։ Բացի դրանից, Դատախազը կարող է Կանոնադրության 99 հոդվածի 4-րդ կետի հիման վրա առանձին քննչական գործողությունները կատարել միայն տվյալ մասնակից պետության հետ բոլոր հնարավոր խորհրդակցություններից հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով տվյալ մասնակից պետության ներկայացրած բոլոր հիմնավոր պայմաններն ու մտահոգությունները։
Այսպիսով, Կանոնադրության 54 հոդվածի 2-րդ կետը, 57 հոդվածի 3-րդ կետի /դ/ ենթակետը եւ 99 հոդվածի 4-րդ կետն ածանցյալ են Դատարանի գործունեության հիմքում ընկած փոխլրացնելիության սկզբունքից եւ, մեկնաբանվելով այդ սկզբունքի՝ Սահմանադրությամբ ամրագրված լինելու համատեքստում, չեն կարող վտանգել մասնակից պետության ինքնիշխանությունը։
16. Կանոնադրության 101 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Անձը, որը ...Կանոնադրության համաձայն փոխանցվում է Դատարանին, ենթակա չէ դատավարական գործողությունների, պատժի կամ կալանավորման՝ մինչեւ փոխանցումը կատարած ցանկացած արարքի համար, որը տարբեր է, քան այն արարքը կամ արարքի ընթացքը, որը հանդիսանում է այն հանցագործության հիմքը, որի համար այդ անձը փոխանցվում է»։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանը կարող է անձին փոխանցող պետությանը խնդրել հրաժարվելու այդ պահանջից, եւ տվյալ պետությունը պետք է ձգտի բավարարելու դատարանի այդ խնդրանքը։
Դատարանի նշված խնդրանքը բավարարելուն ձգտելու պարտավորությունը չի ենթադրում այդ խնդրանքի անվերապահ կատարում, եւ այդ պարտավորությունը պահանջում է մինչեւ խնդրանքի կատարումը հաշվի առնել իրավական եւ ոչ իրավական մի շարք գործոններ,հետեւաբար՝ այդպիսի պարտավորության իրավաբանորեն ամրագրումն ինքնին բավարար հիմք չէ այն որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ինքնիշխանության սկզբունքի հետ անհամատեղելի դիտելու համար։
17. Կանոնադրության 105 հոդվածի համաձայն՝ ազատազրկման ձեւով պատժի նշանակման վերաբերյալ Դատարանի դատավճիռը պարտադիր է մասնակից պետությունների համար, որոնք ոչ մի դեպքում չեն կարող փոփոխել այն։ Այս դրույթը ենթադրում է, որ Կանոնադրության 5 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար Դատարանի կողմից դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք չեն կարող օգտվել ներում ստանալու, ինչպես նաեւ իրենց նկատմամբ համաներման կիրառման միջոցով պատժի կրումից ազատվելու կամ ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունից, եւ, համապատասխանաբար՝ ՀՀ Նախագահը չի կարող այդ անձանց առնչությամբ իրացնել ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 17 կետով նախատեսված՝ դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը, իսկ ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ Սահմանադրության 81 հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ համաներում հայտարարելու իրավունքը։
Այն դեպքում, երբ Կանոնադրության 5 հոդվածում նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական իրավազորություն իրականացնում են ՀՀ ներպետական դատարանները, վերջիններիս կողմից ազատազրկման դատապարտված անձինք կարող են օգտվել ներում հայցելու հնարավորությունից եւ համաներման միջոցով պատժի կրումից ազատվելու կամ ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունից։ Մինչդեռ, նույն հանցագործությունների համար Դատարանի՝ որպես ներպետական քրեական իրավազորության համակարգը լրացնող մարմնի, կողմից դատապարտված՝ ՀՀ ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք Կանոնադրության 105 հոդվածի պահանջներին համապատասխան զրկվում են ՀՀ Սահմանադրության 40 հոդվածով նախատեսված ներման իրավունքից, ինչպես նաեւ 81 հոդվածով ամրագրված համաներման հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետությունը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության 4 հոդվածով ստանձնած՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքների, չի կարող ստանձնել Սահմանադրությամբ չնախատեսված՝ մարդու իրավունքների սահմանափակման այնպիսի պարտավորություններ, որոնք նվազ բարենպաստ վիճակ կստեղծեն ՀՀ իրավազորության ներքո գտնվող անձանց համար՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների եւ ազատությունների երաշխավորման առումով։
18. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 6-րդ մասի, Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 6-րդ մասի դրույթները, ՀՀ սահմանադրական դատարանը՝ ելնելով նաեւ միջազգային իրավակիրառական պրակտիկայից, հնարավոր է համարում ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխություն կամ լրացում, որը կճանաչի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կամ այդ Դատարանի իրավազորությունը՝ որպես ներպետական դատական համակարգը լրացնող մարմին։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս եւ 1-ին հոդված), չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 եւ 92 հոդվածներին:
2. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի եւ համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին։
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
13 օգոստոսի 2004 թվականի
ՍԴՈ - 502