1968 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 6 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) եւ 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված՝Ճանապարհային երթեւեկության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1968թ. նոյեմբերի 8-ին՝ Վիեննայում եւ բացվել է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության կամ ցանկացած մասնագիտացված հաստատության, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ պետությունների, կամ Միջազգային դատարանի կանոնադրության կողմերի, ինչպես նաեւ՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից կոնվենցիայի կողմ դառնալու համար հրավիրված ցանկացած այլ պետության համար Նյու Յորքում մինչեւ 1969թ. դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան չի ստորագրել։
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1977թ. մայիսի 21-ին։
Կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթեւեկության միատեսակ կանոններ ընդունելու միջոցով միջազգային ճանապարհային երթեւեկությունը հեշտացնելը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը բարձրացնելը։
2. Կոնվենցիան ունի յոթ հավելվածներ, որոնցով սահմանվում են ավտոմեքենաները եւ կցասայլերը միջազգային երթեւեկության թույլատրելու պարտականությունից շեղումները, միջազգային երթեւեկության մեջ գտնվող ավտոմեքենաների եւ կցասայլերի գրանցման համարին, տարբերանշանին, ճանաչման նշաններին ներկայացվող պահանջները, ավտոմեքենաներին եւ կցասայլերին վերաբերող տեխնիկական պայմանները, ազգային եւ միջազգային վարորդական վկայականներին ներկայացվող պահանջները։
3. Կոնվենցիայով սահմանվում են ճանապարհային երթեւեկության կանոնները, ավտոմեքենաները, կցասայլերը, հեծանիվները եւ կախովի շարժիչով հեծանիվները միջազգային երթեւեկության թույլատրելու պայմանները, ազգային եւ միջազգային վարորդական վկայականների տրամադրման եւ ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման կարգը։
4. Կոնվենցիայի 49 հոդվածը սահմանում է կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգը՝ իրավական հնարավորություն ընձեռելով Պայմանավորվող կողմերին՝ առաջարկված փոփոխության տեքստը ստանալուց հետո ընդունել այդ փոփոխությունը, մերժել այն կամ փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանք ներկայացնել։ Ընդ որում, կոնվենցիան նախատեսում է փոփոխության ընդունման եւ դրա ուժի մեջ մտնելու երկու իրավական հնարավորություն.
ա) փոփոխության մերժման կամ դրա քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանքի ներկայացում մեկ երրորդից պակաս թվով Պայմանավորվող կողմերի կողմից, որի դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, բացառությամբ նրանց, որոնք մերժել են փոփոխությունը կամ դրա քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանք են ներկայացրել (կոնվենցիայի 49 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ),
բ) փոփոխության ընդունում կոնֆերանսի կողմից, որի դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, բացառությամբ նրանց, որոնք մերժել են փոփոխությունը (կոնվենցիայի 49 հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետ )։
Կոնվենցիայի 49 հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերի «ա» ենթակետերի դրույթների հիման վրա Պայմանավորվող կողմերի համար առաջացող պարտավորությունները, այն է՝ իրենց համար ուժի մեջ մտած ճանաչել կոնվենցիայում առաջարկված փոփոխությունը կամ կոնֆերանսի կողմից ընդունված փոփոխությունը, չի ենթադրում այդ պարտավորությունների անվերապահ կատարում եւ իրավական հնարավորություն է ընձեռում Պայմանավորվող կողմերին առաջարկված փոփոխության տեքստն ստանալուց հետո մինչեւ փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրվելը մերժելու առաջարկված փոփոխությունը։ Ընդ որում, կոնվենցիայի 49 հոդվածի 1-ին կետի դրույթների հիման վրա Պայմանավորվող կողմերին իրավական հնարավորություն է ընձեռվում նաեւ առաջարկված փոփոխության տեքստը ստանալուց հետո մինչեւ փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրվելն ընդունելու այդ փոփոխությունը։
5. Կոնվենցիայի 54 հոդվածով սահմանվում է կոնվենցիայի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաեւ կոնվենցիայի եւ դրա հավելվածների վերաբերյալ վերապահումներ անելու կարգը։
6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի ՀՀ տարածքում գործող ճանապարհային երթեւեկության կանոնները, ըստ իրենց էության, համապատասխանեն կոնվենցիայի՝ ճանապարհային երթեւեկության կանոնները սահմանող II գլխի դրույթներին,
- ձեռնարկել պատշաճ միջոցներ, որպեսզի ՀՀ տարածքում գործող տեխնիկական պայմաններին առնչվող կանոնները, որոնց պետք է համապատասխանեն ավտոմեքենաները եւ կցասայլերը, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գրանցված միջազգային երթեւեկության մեջ գտնվող ավտոմեքենաները եւ կցասայլերը, համապատասխանեն կոնվենցիայի՝ ավտոմեքենաներին եւ կցասայլերին վերաբերող տեխնիկական պայմանները սահմանող 5-րդ հավելվածի դրույթներին,
- կոնվենցիայի 1-ին հավելվածով նախատեսված շեղումները հաշվի առնելով՝ ՀՀ տարածքով միջազգային երթեւեկության թույլատրել այն ավտոմեքենաները եւ կցասայլերը, որոնք համապատասխանում են կոնվենցիայի՝ ավտոմեքենաները եւ կցասայլերը միջազգային երթեւեկության թույլատրելու պայմանները սահմանող III գլխում նախատեսված պահանջներին, եւ որոնց վարորդները համապատասխանում են կոնվենցիայի՝ ավտոմեքենաների վարորդների վերաբերյալ դրույթներ սահմանող IV գլխի պահանջներին։ Ճանաչել կոնվենցիայի III գլխի դրույթներին համապատասխան տրված գրանցման վկայականները,
- ՀՀ տարածքով միջազգային երթեւեկության թույլատրել այն հեծանիվները եւ կախովի շարժիչով հեծանիվները, որոնք համապատասխանում են կոնվենցիայի՝ հեծանիվները եւ կախովի շարժիչով հեծանիվները միջազգային երթեւեկության թույլատրելու պայմանները սահմանող V գլխում նախատեսված տեխնիկական պայմաններին, եւ որոնց վարորդներն ունեն հիմնական բնակության վայր մյուս Պայմանավորվող կողմի տարածքում։ Վարորդական վկայական չպահանջել միջազգային երթեւեկության մեջ գտնվող հեծանիվների կամ կախովի շարժիչով հեծանիվների վարորդներից,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հատկապես բոլոր մակարդակների դպրոցներում ճանապարհային երթեւեկության կանոնների կանոնավոր եւ մշտապես ուսուցումն ապահովելու համար,
- փոխադրամիջոց վարելու ուսուցումը պրոֆեսիոնալ վարորդներ պատրաստող հիմնարկներում անցկացվելու դեպքում ազգային օրենսդրությունում նախատեսել ուսումնական կուրսին եւ այդպիսի ուսուցումն իրականացնող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող նվազագույն պահանջները,
- ցանկացած Պայմանավորվող կողմի խնդրանքով վերջինիս տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է այն անձին պարզելու համար, որի անունով ՀՀ տարածքում գրանցված է մեխանիկական փոխադրամիջոցը կամ այդպիսի փոխադրամիջոցին կցորդված կցասայլը, եթե ներկայացված խնդրանքում նշված է, որ այդ փոխադրամիջոցը մասնակից է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, կամ այդպիսի փոխադրամիջոցի վարորդը ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել եւ այդ կապակցությամբ ենթակա է լուրջ պատժի կամ զրկվելու այդպիսի խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրամիջոց վարելու իրավունքից,
- ձեռնարկել կոնվենցիայի 4 հոդվածով նախատեսված միջոցները, որոնք սահմանում են ճանապարհային նշանների, ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների, ճանապարհների գծանշման եւ նախազգուշացնող ազդանշանային ազդանշանների պատրաստման եւ տեղակայման պայմանները, ինչպես նաեւ ազդանշանային նշանի, նրա հենասյան, երթեւեկության կարգավորման համար նախատեսված ցանկացած այլ հարմարանքի վրա որեւէ բան տեղադրելու, պլակատներ, ազդագրեր տեղադրելու, նշագծում կատարելու, հարմարանքներ տեղադրելու, մայթերի եւ ճամփեզրերի վրա հարմարանքներ եւ սարքավորումներ տեղադրելու անթույլատրելիության պայմանները,
- երաշխավորել ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց՝ հեռվից լավ տարբերվող եւ տեսանելի լինելն ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը,
- երաշխավորել ՀՀ բոլոր ճանապարհներում շարժման ուղղության միատեսակությունը,
- ազգային օրենսդրությամբ բոլոր ճանապարհների համար նախատեսել առավելագույն արագության սահմանափակումներ, իրենց զանգվածի կամ բեռնվածության հետեւանքով առանձնահատուկ վտանգ ներկայացնող փոխադրամիջոցների համար սահմանել արագության հատուկ սահմանափակումներ,
- չընդունել կոնվենցիայի 18 հոդվածի 7-րդ կետով սահմանված՝ ոչ ռելսավոր փոխադրամիջոցների վարորդների կողմից ճանապարհը ռելսավոր փոխադրամիջոցների վարորդներին զիջելու պարտականության վերաբերյալ դրույթներին հակասող դրույթներ,
- ազգային օրենսդրությամբ նախատեսել 8-ից ավելի նստատեղեր (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող ուղեւորատար ավտոմեքենաների, 3500 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաեւ այդպիսի փոխադրամիջոցների կցասայլերի տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում,
- կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին կետի դրույթների ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում գրանցման մասին վկայականը համապատասխանեցնել այդ դրույթներում պարունակվող ցուցումներին, փոխադարձաբար ճանաչել նշված ժամանակահատվածում տրված վկայականները՝ մինչեւ դրանց վրա նշված գործողության ժամկետի ավարտը,
- ապահովել վարորդական վկայականների տրամադրումը միայն վարորդների անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների առկայությունն իրավասու մարմինների կողմից ստուգվելուց հետո եւ ազգային օրենսդրությամբ նախատեսել վարորդական վկայականներ ստանալու համար պահանջներ,
- ՀՀ տարածքում վավերական ճանաչել ՀՀ ազգային լեզվով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ, վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական, կոնվենցիայի 6-րդ հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական, կոնվենցիայի 7-րդ հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդական վկայական,
- ազգային վարորդական վկայականները համապատասխանեցնել կոնվենցիայի 6-րդ հավելվածի դրույթներին՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում եւ փոխադարձաբար ճանաչել այդ ժամանակամիջոցում տրված վկայականները՝ մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված ճանապարհային երթեւեկության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 504