ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 6 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

հրավիրված՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի ապրիլի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին Կովկասյան նախաձեռնության շրջանակներում համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2004թ. ապրիլի 5-ին՝ Երեւանում։ Համաձայնագրի նպատակն է ՀՀ կառավարությանը կամ ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KFW) վարկ ստանալու հնարավորություն ընձեռելը։

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KFW) ստանալ մինչեւ 4.700.000 (չորս միլիոն յոթ հարյուր հազար) եվրո ընդհանուր գումարի վարկ (այսուհետ՝ վարկ)՝ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի հաղորդման տարածաշրջանային համակարգ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման համար, եթե Ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ Ծրագիրը խրախուսման արժանի է։

3. Քննության առարկա համաձայնագիրը կիրառվում է.

- Ծրագրի իրականացման համար ստացվելիք վարկերի նկատմամբ,

- ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ նշված Ծրագրի փոխարեն ընտրված այլ նախագծի իրականացման համար ստացվելիք վարկերի նկատմամբ,

- ԳԴՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հնարավորություն ընձեռելու դեպքում նշված Ծրագրի նախապատրաստման նպատակով հետագայում եւս ստացվելիք վարկերի կամ դրամաշնորհների նկատմամբ։

Նշված դրամաշնորհները, դրանց ոչ նպատակային օգտագործման դեպքում, փոխարկվում են վարկի։

4. Ըստ համաձայնագրի՝ վարկի գումարի օգտագործումը, վերջինիս տրամադրման պայմանները, ինչպես նաեւ կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) եւ վարկառուի միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրով, որը ենթակա է ԳԴՀ գործող իրավական նորմերին։

Վարկի գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման մասին համապատասխան պայմանագիր չի կնքվում։

Համաձայնագրով որպես վարկի գումարի համար ժամկետ սահմանվում է 2011թ. դեկտեմբերի 31-ը։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- ստացված վարկի դիմաց Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) օգտին կատարել վճարումներ՝ ի կատարումն Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների,

- երաշխավորել երկու կառավարությունների համատեղ ընտրած այլ վարկառուի կողմից Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) օգտին բոլոր վճարումները եվրոյով՝ ի կատարումն Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) եւ այդ վարկառուի միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների,

- Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկը (KFW) ազատել բոլոր հարկերից եւ պետական այլ վճարումներից՝ կապված Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի (KFW) եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետությունում կնքվելիք պայմանագրի կնքման եւ իրականացման հետ։

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ա. Սիմոնյանի եւ հրավիրված՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի՝ սահմանադրական դատարանում տված պարզաբանումների՝ նախատեսվող վարկային ռեսուրսներն օգտագործվելու են բացառապես Կովկասյան նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ էներգետիկայի զարգացման նպատակով, եւ այդ միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ սահմանված կարգով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի ապրիլի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին Կովկասյան նախաձեռնության շրջանակներում համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 506

print page Տպել էջը