ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 14 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանի,

հրավիրված՝՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Լ. Աղամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագիրը փոփոխող համաձայնագրում (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2004թ. հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության խնդրանքով գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի ֆինանսավորման համար լրացուցիչ աջակցություն տրամադրելը, մասնավորապես՝ ծրագրի անավարտ աշխատանքների եւ 2002թ. դեկտեմբերի ցրտահարության պատճառով Արարատյան դաշտում ու դրա մերձակայքում խաղողի ու պտղատու այգիների վերականգնման համար ծրագրային լրացուցիչ ծախսերը հատուցելը եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1998թ. մարտի 12-ին կնքված՝ զարգացման վարկի համաձայնագրում (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) (այսուհետ՝ Զարգացման վարկի համաձայնագիր) փոփոխություններ կատարելը։

2. Համաձայնագիրը նախատեսում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խնդրանքը, ավելացնել Զարգացման վարկի համաձայնագրով նախատեսված 10.700.000 (տասը միլիոն յոթ հարյուր հազար) փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ) համարժեք գումարը մինչեւ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ) համարժեք գումարով։ Նկատի է առնվել նաեւ, որ Վարկառուն իրականացրել է մի շարք առաջնահերթ միջոցառումներ, ներառյալ պարարտանյութերի ներմուծումը, փոքր ագարակների վնասված խաղողի եւ պտղատու այգիների վերատնկումը, հստակեցրել է այլ հրատապ անհրաժեշտ միջոցառումներ (ներառյալ հետազոտական եւ շուկայի մասին տեղեկատվության ապահովման հետ կապված աշխատանքները), որոնք նախատեսվել են գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում։

Միջազգային զարգացման ընկերակցությունը համաձայնել է քննության առարկա համաձայնագրի պահանջների եւ պայմանների համաձայն վարկը տրամադրել Վարկառուին։

3. Համաձայնագիրն ունի հավելված, որով սահմանվում է վարկի միջոցներից առհանման աղյուսակը՝ ի փոփոխումն Զարգացման վարկի համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին կետում սահմանված աղյուսակի։

4. Կապված համաձայնագրով նախատեսված վարկի տրամադրման հետ՝ համաձայնագրով փոփոխություններ են կատարվում Զարգացման վարկի համաձայնագրի 1.02., 2.01., 2.03., 2.04., 2.07. բաժիններում եւ 1-4 հավելվածներում։ Մասնավորապես.

- Զարգացման վարկի համաձայնագրի 2.01. բաժինը փոփոխվել է հետեւյալ կերպ. «Բաժին 2.01. Ընկերակցությունը համաձայնում է Վարկառուին վարկավորել Զարգացման վարկի համաձայնագրով սահմանված ժամկետներում եւ պայմաններով տասնմեկ միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (11.900.000 ՓՀԻ) համարժեք գումարով՝ տարբեր արժույթներով, որը ներառում է՝ ա) տասը միլիոն յոթ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (10.700.000 ՓՀԻ) համարժեք՝ տարբեր արժույթներով սկզբնական գումարը (նախնական ֆինանսավորում), եւ բ) մեկ միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (1.200.000 ՓՀԻ) համարժեք՝ տարբեր արժույթներով լրացուցիչ գումարը (լրացուցիչ ֆինանսավորում)»,

- Զարգացման վարկի համաձայնագրի 2.03. բաժնի նպատակների համար Զարգացման վարկի՝ նախկին խմբագրությամբ համաձայնագրով սահմանված 2002թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն 2005թ. հունիսի 30-ը սահմանվում է որպես Զարգացման վարկի համաձայնագրի գործողության վերջնաժամկետ,

- Զարգացման վարկի համաձայնագրի 2.07.(ա) բաժինը փոփոխվել է հետեւյալ կերպ. «Բաժին 2.07. ա) Նախնական ֆինանսավորման նպատակների համար, համաձայն ներքոհիշյալ «բ» եւ «գ» կետերի, Վարկառուն պետք է վերադարձնի վարկի հիմնական գումարը կիսամյակային մասնաբաժիններով՝ յուրաքանչյուր հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին, վճարումն սկսելով 2008թ. հունիսի 15-ից եւ ավարտելով 2032թ. դեկտեմբերի 15-ին։ Յուրաքանչյուր մասնաբաժին, ներառյալ 2017թ. դեկտեմբերի 15-ին վճարվելիք մասնաբաժինը, պետք է կազմի հիմնական գումարի մեկ եւ մեկ քառորդ տոկոսը (1-1/4%), եւ յուրաքանչյուր վճարվելիք մասնաբաժինը պետք է կազմի հիմնական գումարի երկու եւ կես տոկոսը (2-1/2%)»,

- Զարգացման վարկի՝ նախկին խմբագրությամբ համաձայնագրի 2-րդ հավելվածի վերջին նախադասության մեջ 2002թ. հունիսի 30-ի փոխարեն 2004թ. դեկտեմբերի 31-ը սահմանվում է որպես գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի վերջնաժամկետ։

5. Համաձայնագրով, ի փոփոխումն Զարգացման վարկի համաձայնագրի 4-րդ հավելվածի «Ե» կետի, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իրականացնել բնապահպանման կառավարման պլան՝ այն ժամկետներում եւ այն միջոցառումներին համապատասխան, որոնք ընդունելի են Ընկերակցության համար, եւ, համապատասխանաբար, փաստաթղթավորել ԲԿՊ-ի իրականացման առաջընթացը քննության առարկա համաձայնագրի 4-րդ հավելվածի «Ե» կետի «գ» ենթակետում նշված հաշվետվությամբ։

6. Բացառությամբ նշված պարտավորության, համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, նոր պարտավորություններ չի ստանձնում, այլ փոփոխվում են Զարգացման վարկի համաձայնագրով արդեն իսկ ստանձնած պարտավորությունների գումարային եւ ժամկետային ծավալները։

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Զարգացման վարկի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը 1998թ. մայիսի 26-ին կայացրել է որոշում, եւ հիշյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1998թ. հուլիսի 3-ին։

Իր որոշման մեջ սահմանադրական դատարանը հատուկ ուշադրություն է հրավիրել գյուղատնտեսության բնագավառում վարկային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման հարցին։

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի հիման վրա ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման միջազգային ընկերակցության միջեւ զարգացման վարկի /Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր/ համաձայնագրի գործադրմամբ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրում է, որ գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման նպատակով ընտրված 8 բանկերից 5-ը սնանկացել կամ լուծարվել են, որոնց մոտ վարկային ռեսուրսներից շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք պարտք է կուտակվել։ Ծրագրով եւ վարկային համաձայնագրով նախատեսված վերահսկողական գործառույթները, այդ թվում անկախ աուդիտի կազմակերպումը, պատշաճ մակարդակով չեն ապահովվել։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն համաձայնագրի վավերացման փուլում իրավակիրառական պրակտիկայի գնահատումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունների սահմանադրականության, այլեւ լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման նպատակահարմարության որոշման ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77 հոդվածի պահանջների կատարման տեսանկյունից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004թ. հունիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագիրը փոփոխող համաձայնագրում (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 507

print page Տպել էջը