1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 17 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1972 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը,
Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան
եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
ՊԱՐԶԵՑ.
1. Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիան (կից հայտարարությամբ) Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար բացվել է 1972թ. մայիսի 15-ին՝ Ստրասբուրգում։ Կոնվենցիայի նպատակն է ապահովել միջազգային մակարդակով քրեական վարույթների կազմակերպումը, մասնավորապես, իրավասությունների բախումից ծագող թերություններից խուսափելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2001թ. նոյեմբերի 8-ին։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1978թ. մարտի 30-ին։
2. Քրեական գործերով վարույթների փոխանցումը՝ Կոնվենցիայի իմաստով, քրեական գործերով միջազգային համագործակցության, պետությունների միջեւ փոխադարձ օգնության ձեւ է։ Համագործակցության այս ձեւի միջոցով հնարավորություն է ստեղծվում ապահովել քրեական գործերով պատշաճ արդարադատության իրականացումը, ինչպես նաեւ խուսափել այն թերություններից, որոնք կարող են ծագել քրեական գործերով՝ Պայմանավորվող կողմերի իրավասությունների բախման արդյունքում։
3. Կոնվենցիան սահմանում է քրեական գործերով վարույթների փոխանցման պայմանները, քրեական վարույթ իրականացնելու կապակցությամբ խնդրանք ներկայացնելու դեպքերն ու կարգը, խնդրանքը մերժելու հիմքերը, քրեական գործով վարույթի փոխանցման իրավական հետեւանքները, հայցող եւ հայցվող Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների միջեւ հաղորդակցության կարգը, կարգավորում է քրեական վարույթների բազմակիության դեպքերը։
Կոնվենցիան ունի երեք հավելված, որոնցով սահմանվում են կոնվենցիայի վերաբերյալ հայտարարություններ անելու հիմքերը, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Իտալիայում քրեական իրավունքի առարկա հանդիսացող իրավախախտումներին նույնացվող իրավախախտումների տեսակները։
4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահվում դիմելու միմյանց՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու խնդրանքով։ Նման խնդրանք կարող է ներկայացվել միայն այն արարքների կապակցությամբ, որոնք քրեորեն պատժելի են եւ՛ հայցող, եւ՛ հայցվող Պայմանավորվող կողմերի քրեական օրենսդրությամբ։
Պայմանավորվող պետությունները մինչեւ վարույթ իրականացնելու խնդրանքով մեկ այլ Պայմանավորվող պետությանը դիմելը, պետք է քննարկեն այդպիսի խնդրանքով դիմելու հնարավորությունը։ Վարույթ իրականացնելու մասին խնդրանք ներկայացնելու պահից հայցող պետությունն այլեւս չի կարող հետապնդում իրականացնել խնդրո առարկա հանցագործության կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ։
5. Որպես հայցվող պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է քննության առնել հայցող Պայմանավորվող պետության ներկայացրած՝ վարույթը փոխանցելու մասին խնդրանքը եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան որոշել դրա հետագա ընթացքը, հայցող պետությանն անհապաղ տեղեկացնել վարույթ իրականացնելու մասին խնդրանքի վերաբերյալ իր կայացրած եւ վարույթից հրաժարվելու կամ վարույթի արդյունքում իր կողմից կայացվող որոշումների մասին։ Նախքան վարույթ իրականացնելու խնդրանքի կապակցությամբ որոշում կայացնելը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է կասկածվող անձին անհապաղ տեղեկացնի վարույթ իրականացնելու խնդրանքի մասին՝ վերջինիս թույլ տալով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու իր տեսակետները։
Որպես հայցող պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարույթ իրականացնելու մասին խնդրանքը ներկայացնելուց հետո հայցվող պետությանը գրավոր տեղեկացնել ՀՀ տարածքում իրականացված դատավարական գործողությունների կամ միջոցառումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ վարույթի վրա։
Պայմանավորվող պետությունները միմյանցից չեն պահանջում Կոնվենցիայի կիրառումից առաջացող ծախսերի փոխհատուցում։
6. Կոնվենցիայի 5-րդ բաժինը սահմանում է դրույթներ, որոնց հիման վրա հայցվող պետությունը, հայցող պետության կողմից՝ վարույթ իրականացնելու խնդրանք ներկայացնելու մտադրության մասին հայտարարելու դեպքում, մինչեւ կոնվենցիայով սահմանված կարգով խնդրանքն ստանալը, կարող է իրականացնել ժամանակավոր միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձի ժամանակավոր կալանավորում։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայցվող պետություն, պարտավոր է ժամանակավորապես կալանքի տակ պահվող անձին ազատ արձակել, եթե վարույթ իրականացնելու խնդրանք չի ստացվում կալանքի տակ պահելու օրվանից հետո 18 օրվա ընթացքում, ինչպես նաեւ՝ եթե վարույթն իրականացնելու դիմումին կից պահանջվող փաստաթղթերը չեն ստացվում խնդրանքն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, եւ երաշխավորում է, որ ժամանակավոր կալանքի ժամկետը ոչ մի դեպքում չի գերազանցի 40 օրը։
7. Կոնվենցիայի 4-րդ մասում սահմանված են դրույթներ, որոնք կիրառվում են քրեական վարույթների բազմակիության դեպքում։ Այդ դրույթների հիմնական նպատակն է կանխել միեւնույն արարքի համար անձի կրկին անգամ դատապարտվելու հնարավորությունը, ինչը կարող է առաջանալ տարբեր Պայմանավորվող կողմերի՝ քրեական գործերով իրավասությունների բախման արդյունքում։ Կոնվենցիայի 4-րդ մասի դրույթները նախատեսում են Պայմանավորվող պետությունների՝ քրեական գործերով իրավասությունների բախումը հաղթահարելուն ուղղված միջոցներ։ Իրավասությունների բախում առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետությունը, քրեական վարույթ իրականացնելուց առաջ կամ դրա ընթացքում մեկ այլ Պայմանավորվող պետությունում նույն անձի հանդեպ նույն հանցագործության հետ կապված գործով ընթացքի մեջ գտնվող վարույթի մասին տեղեկանալիս՝ պետք է պարզի իր կողմից վարույթից հրաժարվելու կամ վարույթը կասեցնելու, կամ վարույթը մյուս Պայմանավորվող պետությանը փոխանցելու հնարավորությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է քաղաքական կամ զուտ զինվորական բնույթի հանցագործություններին։
8. Կոնվենցիան ամրագրում է նաեւ քրեական գործերով վարույթների իրականացման հիմքում ընկած՝ միեւնույն արարքի համար կրկին անգամ չդատապարտվելու (ne bis in idem) սկզբունքը եւ նախատեսում է այդ սկզբունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքներ։
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում միեւնույն հանցագործության համար արդեն դատապարտված անձի նկատմամբ ՀՀ տարածքում նոր վարույթ իրականացնելիս նշանակվելիք պատիժը կրճատել ազատազրկման ձեւով արդեն իսկ կրած պատժի չափով։
9. Կոնվենցիայի համաձայն՝ վերջինս չի շոշափում այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագում են հանձնման մասին պայմանագրերից եւ հատուկ հարցերով միջազգային բազմակողմ կոնվենցիաներից կամ քննության առարկա կոնվենցիային առնչվող հարցերով դրույթներից, որոնք նախատեսված են Պայմանավորվող պետությունների միջեւ գործող այլ կոնվենցիաներով։
10. Կոնվենցիան սահմանում է նաեւ քրեական գործով վարույթ իրականացնելու վերաբերյալ խնդրանքը փոխանցելու կարգը՝ միաժամանակ պայմանավորվող կողմերին հնարավորություն տալով սահմանելու փոխանցման այլ կանոններ։ Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 13 հոդվածի հիման վրա, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությանն վերաբերող մասով կոնվենցիայով նախատեսված դիմումները Հայաստանի Հանրապետությունը ուղարկելու եւ ընդունելու է՝
ա) մինչդատական վարույթի գործերով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով,
բ) դատական վարույթում գտնվող գործերով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։
Կոնվենցիայի 18 հոդվածի 2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է նաեւ, որ կոնվենցիայի կիրառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որեւէ մեկով՝ հաստատված թարգմանությամբ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1972թ. մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
17 սեպտեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 510