2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2002թ. հոկտեմբերի 7-ին՝ Քիշնեւում։
Կոնվենցիայի նպատակն է ընտրությունների հանրաճանաչ չափանիշների եւ ընտրությունների կարգավորման ազգային նորմերի ու մարդու եւ քաղաքացու ընտրական իրավունքների եւ ազատությունների համակցումը, դրանց իրականացման եւ պաշտպանության երաշխիքների ապահովումը, ինչպես նաեւ ընտրությունների հասարակական եւ միջազգային դիտարկման համար երաշխիքների ամրագրումը։
2. Կոնվենցիայով սահմանվում են ժողովրդավարական ընտրությունների չափանիշները, այն է՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու՝ ընդհանուր, հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իսկական եւ ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ եւ հրապարակային բնույթը, մարդու եւ քաղաքացու ընտրական իրավունքների եւ ազատությունների դատական եւ այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական եւ միջազգային դիտարկման իրականացումն ու ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների եւ ազատությունների իրականացման երաշխիքները։
Կոնվենցիան ամրագրում է նաեւ ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքները՝ ընդհանուր ընտրական իրավունք, հավասար ընտրական իրավունք, ուղղակի ընտրական իրավունք, գաղտնի քվեարկություն, պարբերական եւ պարտադիր ընտրություններ, թափանցիկ եւ հրապարակային ընտրություններ, ազատ ընտրություններ, իսկական ընտրություններ, արդար ընտրություններ։ Սահմանվում են նաեւ դրանց չափորոշիչները։ Մասնավորապես.
ա) երաշխավորվում է, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաեւ կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված ընտրական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու եւ քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները եւ դրանց իրականացման սահմանադրական եւ (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ,
բ) երաշխավորվում է ընտրությունների նշանակման, նախապատրաստման եւ անցկացման իրականացումը կողմերի սահմանադրությունների եւ օրենքների հիման վրա,
գ) արգելվում է օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային հասարակական շարժումների, միջազգային կազմակերպությունների կողմից պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, պաշտոնատար անձանց ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը նպաստող կամ խոչընդոտող գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ մասնակցությունը, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է վերապահում այն մասով, որ տվյալ նորմը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) երաշխավորվում է ընտրովի պաշտոնում նոր ժամկետով քվեարկվող թեկնածուների՝ ընտրարշավին մասնակցության առանձնահատկությունների հետ կապված սահմանափակումների կարգավորումը կողմերի սահմանադրություններով եւ օրենքներով,
ե) երաշխավորվում է, որ կողմերի սահմանադրություններով եւ օրենքներով սահմանված սահմանափակումների պահպանումը չպետք է խոչընդոտի պատգամավորների եւ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանն ու ընտրողների առջեւ իրենց ունեցած պարտականությունների կատարմանը,
զ) արգելվում է քաղաքացիների՝ քվեարկելու գաղտնիության իրավունքի որեւէ ձեւով սահմանափակումը,
է) արգելվում է կողմերի սահմանադրություններին, օրենքներին համապատասխան նշանակված ընտրությունների, ընտրական գործընթացների եւ ընթացակարգերի ժամկետները տապալելուն կամ կասեցնելուն կամ հետաձգելուն հարկադրող կամ հարկադրման նպատակ հետապնդող գործողությունների ձեռնարկումը կամ կոչերի տարածումը,
ը) երաշխավորվում է կողմերի սահմանադրությունների գերակայության ճանաչումը որպես ազատ ընտրությունների անցկացման եւ քաղաքացիների ու ընտրական գործընթացի մյուս մասնակիցների՝ առանց որեւէ ազդեցության, բռնության, բռնության կիրառման սպառնալիքի կամ այլ անօրինական ներգործության, չվախենալով պատժից կամ որեւէ ազդեցությունից՝ ինչպիսին էլ լինեն քվեարկության եւ ընտրության արդյունքները, օրենքով թույլատրված ձեւերով եւ օրինական մեթոդներով ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու միջեւ ընտրություն կատարելու հնարավորության ապահովման, ինչպես նաեւ ընտրական ողջ գործընթացում ազատ ընտրությունների սկզբունքի պարտադիր պահպանման իրավական եւ այլ երաշխիքների հիմք,
թ) արգելվում է թեկնածուների, թեկնածուների ցուցակների եւ քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գրանցման մասին նորմերի կամայական կամ խտրական կիրառումը։
3. Կոնվենցիան սահմանում է նաեւ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի սահմանափակման չափանիշները, սահմանափակման հիմքերն ու թույլատրելի շրջանակը։ Ըստ կոնվենցիայի՝ թեկնածուներ, թեկնածուների ցուցակներ առաջադրելու համար քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ստեղծմանն ու գործունեությանը, քաղաքացիների ընտրական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող սահմանափակումները կարող են կիրառվել սահմանադրական կարգի, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, հասարակական բարեկեցության եւ բարոյականության, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով եւ պետք է համապատասխանեն պետության միջազգային պարտավորություններին։
Կոնվենցիան նախատեսում է նաեւ, որ արտակարգ կամ պատերազմական իրավիճակի պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ սահմանադրական կարգը պաշտպանելու համար սահմանադրությանը, օրենքներին համապատասխան կարող են սահմանվել իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներ՝ նշելով դրանց գործողության սահմաններն ու ժամկետները, ինչպես նաեւ կարող է հետաձգվել ընտրությունների անցկացումը։
4. Կոնվենցիայի համաձայն՝ վերջինս չի խոչընդոտում պետությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքներին ու ազատություններին վերաբերող իրենց միջազգային պարտավորությունների կատարմանը։ Ընդ որում, կոնվենցիայում շարադրված իրավունքների իրականացումը վնաս չի պատճառում բոլոր անձանց կողմից հանրաճանաչ իրավունքների եւ հիմնական ազատությունների իրականացմանը։
5. Կոնվենցիայով կողմերը ճանաչում են մասնակից պետությունների ընտրական մարմինների հիման վրա Միջպետական ընտրական խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, որը կոչված կլինի աջակցելու մասնակից պետություններում ընտրությունների դիտարկմանը։
6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.
- երաշխավորել ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքների եւ նորմերի պաշտպանությունը, ընտրությունների ժողովրդավարական բնույթը, ընտրություններում քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ընտրությունները կայացած, իսկական եւ օրինական ճանաչելուն ուղղված պահանջների հիմնավորվածությունը,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրությունների լրիվ օրենսդրական բազան ընդունվի ազգային օրենսդիր մարմնի կողմից, եւ ընտրությունների անցկացումն ապահովող իրավական չափորոշիչները չսահմանվեն գործադիր իշխանության ակտերով,
- ցանկացած մակարդակի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակ ձգտել քաղաքացիների ընտրական իրավունքներն ու ազատություններն ապահովող իրավական, կազմակերպչական, տեղեկատվական երաշխիքների համակարգի ստեղծմանը, ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ, որպեսզի, Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պայմաններին եւ կարգին համապատասխան, ապահովվեն կանանց արդար եւ իրական, տղամարդկանց հետ հավասար՝ ընտրովի մարմիններում, ընտրովի պաշտոններում ինչպես անձամբ, այնպես էլ քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կազմում ընտրելու եւ ընտրվելու իրավունքների իրականացման հնարավորություն, ինչպես նաեւ ֆիզիկական շեղումներով անձանց (հաշմանդամներին եւ այլն)՝ քվեարկությանը մասնակցելու համար ստեղծել լրացուցիչ երաշխիքներ եւ պայմաններ,
- իրականացնել ընտրողների գրանցում (հաշվառում) օրենսդրորեն սահմանված ոչ խտրական եւ գործուն ընթացակարգի հիման վրա, որը նախատեսում է գրանցման (հաշվառման) այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տարիքը, քաղաքացիությունը, բնակության վայրը, քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթղթի առկայությունը,
- օրենսդրական կարգով ամրագրել ընտրողների մասին տեղեկություն տվող անձանց պատասխանատվությունը՝ համապատասխան տեղեկությունների հավաստիությունը, լրիվությունը եւ դրանց ժամանակին փոխանցումը, օրենսդրությանը համապատասխան՝ գաղտնի բնույթի անձնական տվյալների պահպանումն ապահովելու համար,
- աջակցել քաղաքական կուսակցությունների ձեւավորմանը եւ նրանց օրինական ազատ գործունեությանը, օրենսդրորեն կարգավորել քաղաքական կուսակցությունների եւ ընտրական գործընթացի ֆինանսավորումը, ապահովել, որպեսզի օրենքները եւ պետական քաղաքականությունն իրականացնեն կուսակցության եւ պետության տարանջատում, ազատության եւ ազնվության մթնոլորտում ընտրարշավների անցկացում, ինչը նպաստում է նրան, որ կուսակցությունները եւ թեկնածուները ազատ շարադրեն իրենց հայացքները եւ գնահատականները, նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները, իսկ ընտրողները ծանոթանան դրանց, քննարկեն դրանք եւ ազատորեն քվեարկեն «կողմ» կամ «դեմ»՝ չվախենալով պատժից կամ որեւէ հետապնդումից,
- ապահովել զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ ինտերնետային ցանցով, ընտրարշավի լուսաբանման անկողմնակալությունը, ոչ խտրական հիմքով զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների համար իրավաբանական կամ վարչական խոչընդոտների սահմանման անհնարինությունը երաշխավորող միջոցների ձեռնարկում, ձեւավորել ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների տվյալների միասնական տեղեկատվական բազա, որի տվյալները պետք է ծանոթացման կամ պատճենահանման համար տրամադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներին, ինչպես նաեւ միջազգային դիտորդներին՝ նրանց հարցումով, ներդնել ընտրությունների թափանցիկ բնույթն ապահովող, քվեարկության եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների վստահության մակարդակը բարձրացնող նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- ընդունել քաղաքացիական կրթության ազգային ծրագրեր եւ մասնակցել նմանատիպ միջպետական ծրագրերի մշակմանն ու ընդունմանը, պայմաններ ապահովել քաղաքացիներին եւ ընտրարշավի մյուս մասնակիցներին ընտրական ընթացակարգերին եւ կանոններին ծանոթացնելու եւ ուսուցանելու, նրանց իրավական կուլտուրան եւ ընտրությունների կազմակերպիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար,
- ապահովել օրենսդրությանը եւ պետության միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդավարական, ազատ, արդար, իսկական եւ պարբերական ընտրությունների անցկացումը կազմակերպող անկախ, անկողմնակալ ընտրական մարմինների ստեղծում,
- օրենքով սահմանված անհրաժեշտ քանակի ձայներ ստացած թեկնածուների համար ապահովել պատշաճ կերպով պաշտոն ստանձնելու եւ մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչեւ օրենքով կարգավորվող այլ ձեւով դրանց դադարումը պաշտոնավարելու հնարավորություն,
- ձեռնարկել միջոցներ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտումների, ինչպես նաեւ բռնության, խաբեության, սպառնալիքի, կեղծիքի կամ այլ միջոցներով քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը, Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված այլ ընտրական իրավունքների եւ ազատությունների իրականացմանը խոչընդոտող անձանց քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու հիմքերի եւ կարգի ցանկն օրենսդրորեն կարգավորելու համար,
- աջակցել ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացի մասնակիցների (հաշվի առնելով, որ անձնական տվյալներն ունեն գաղտնի բնույթ), իրավակիրառ եւ դատական փորձի, ընտրական համակարգի կատարելագործման օրենսդրական առաջարկությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ ընտրական գործընթացի կազմակերպմանը վերաբերող այլ տեղեկատվություն պարունակող տվյալների միջպետական միասնական բանկի ստեղծմանը՝ տեղեկատվության փոխանակման եւ համատեղ օգտագործման նպատակով,
- աջակցել կոնվենցիայի մասնակից պետությունների ընտրական մարմինների համագործակցության զարգացմանը՝ ներառյալ ընտրական մարմինների գործող միջպետական ընկերակցությունների լիազորությունների ստեղծումը եւ (կամ) ընդլայնումը։
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնվենցիայի՝ կողմերի համար պարտավորություններ սահմանող նորմերը հիմնականում հանդես են գալիս որպես նորմ-նպատակներ։ Այդ նորմերով նախատեսված պարտավորությունները պահանջում են ընտրական գործընթացների իրավական կարգավորման պետական քաղաքականությունն իրականացնելիս ելնել ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջներից։ Այդ առնչությամբ կոնվենցիայի նախաբանում իրավական պետության նպատակների ու պարտավորությունների շրջանակում «... մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ճանաչումը, պահպանումը եւ պաշտպանումը...» ձեւակերպումը հասկացութային առումով աղավաղված է եւ պետք է դիտարկվի որպես մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների «ճանաչման, ապահովման եւ պաշտպանության» միջազգային իրավական պահանջ։
8. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են, մասնավորապես, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությամբ, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի եւ այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա ՀՀ ստանձնած պարտավորություններից, համահունչ են ՀՀ Սահմանադրության համապատասխան (1, 2, 3, 4 հոդվածներ, 6 հոդվածի 4-րդ մաս, 7, 15 հոդվածներ, 25 հոդվածի 2-րդ մաս, 24, 26, 27, 38, 39, 44, 45, 50, 51, 52, 53, 54, 57, 58, 59, 63, 64, 67 հոդվածներ, 68 հոդվածի 3-րդ մաս, 100 հոդվածի 3-րդ կետ, 105 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր, 109 հոդվածի 2-րդ մաս, 110 հոդված) հոդվածներին, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի 1999թ. հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-179, 2002թ. հոկտեմբերի 1-ի ՍԴՈ-389 եւ այլ որոշումների մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին, կոչված են ամրապնդելու պետության իրավական, ժողովրդավարական բնույթը, ժողովրդաիշխանության հիմքերը, ստեղծելու ընտրական գործընթացի հետագա ժողովրդավարացման իրավական նախադրյալներ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 սեպտեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 512