1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՎԱԼԵՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի հունվարի 16-ին Վալետայում ստորագրված՝ Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1992թ. հունվարի 16-ին Վալետայում՝ նպատակ ունենալով լրացնել 1969թ. մայիսի 6-ին Լոնդոնում ստորագրված՝ Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, հաշվի առնելով եվրոպական երկրներում կառուցապատման քաղաքականության զարգացումը, եւ պահպանել եվրոպական ընդհանուր հիշողության աղբյուր հանդիսացող հնագիտական ժառանգությունը: Կոնվենցիան հիմք է հանդիսանում հնագիտական ժառանգության պահպանության բնագավառում համաեվրոպական համագործակցության համար:
Կոնվենցիան բաղկացած է նախաբանից եւ 18 հոդվածից:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995թ. մայիսի 25-ից։ Այն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2000թ. մայիսի 26-ին:
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները .
- ստեղծել հնագիտական ժառանգության պահպանության համար իրավական համակարգ. այս պարտավորությունը ներառում է հնագիտական ժառանգության գույքացուցակի վարում եւ հուշարձանների կամ պահպանվող գոտիների դասակարգում, հնագիտական արգելանոցների հիմնում, հնագիտական ժառանգության տարրեր գտնողի՝ իրավասու մարմիններին դրա մասին հայտնելու պարտավորության նախատեսում,
- հնագիտական ժառանգության պահպանության եւ հնագիտական հետազոտական աշխատանքների գիտական նշանակությունը երաշխավորելու նպատակով ձեռնարկել կոնվենցիայի 3 հոդվածով նախատեսված քայլերը,
- գործի դնել հնագիտական ժառանգության ֆիզիկական պաշտպանության միջոցներ,
- ձեռնարկել հնագիտական ժառանգության ամբողջական պահպանմանն ուղղված՝ կոնվենցիայի 5 հոդվածով նախատեսված քայլերը,
- ֆինանսական աջակցություն նախատեսել հնագիտական հետազոտությունների համար, ավելացնել կանխարգելիչ հնագիտության նյութական միջոցները,
- դյուրացնել գիտական տեղեկատվության հավաքման ու տարածման գործընթացը,
- խթանել հասարակության իրազեկությունը՝ հնագիտական ժառանգության արժեքի վերաբերյալ գիտակցական վերաբերմունք ձեւավորելու ու զարգացնելու նպատակով,
- ի կատարումն հնագիտական ժառանգության տարրերի անօրինական շրջանառությունը կանխարգելելու պարտավորության՝ ձեռնարկել կոնվենցիայի 10 հոդվածով նախատեսված միջոցառումները, այդ թվում՝ հնարավորինս կրճատել ապօրինի պեղումները, ինչպես նաեւ ապօրինի եւ պաշտոնական պեղումների ընթացքում հափշտակված հնագիտական ժառանգության առարկաների անվերահսկելի տեղաշարժը,
- մյուս Պայմանավորվող կողմերին փոխադարձաբար տրամադրել գիտական եւ տեխնիկական աջակցություն, նպաստել համապատասխան մասնագետների փոխանակմանը:
3. Կոնվենցիայի կիրառման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով կոնվենցիայով նախատեսվում է դրա կիրառման նկատմամբ վերահսկողության համակարգի ձեւավորում։ Կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հիմնադրված Փորձագետների կոմիտեն։
4. Կոնվենցիայի 11 հոդվածի համաձայն ոչ մի դրույթ չի կարող արգելք հանդիսանալ հնագիտական ժառանգության տարրերի անօրինական շրջանառության կամ օրինական սեփականատերերին դրանց վերադարձնելու մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի համար:
5. Կոնվենցիայով ամրագրվում է դրա ուժի մեջ մտնելու ընթացակարգը:
6. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կնպաստեն պատմության եւ մշակույթի հուշարձանների, մշակութային այլ արժեքների համար հոգածություն դրսեւորելու եւ դրանք պաշտպանելու՝ ՀՀ Սահմանադրության 11 հոդվածով ամրագրված պետության պարտականության կատարմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1992 թվականի հունվարի 16-ին Վալետայում ստորագրված՝ Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24 սեպտեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 513