ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի փետրվարի 16-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ բրիտանական տեխնիկական աջակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Փոխըմբռնման հուշագիրը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ ստորագրվել է 2004թ. փետրվարի 16-ին, նպատակ է հետապնդում ընդլայնելու տեխնիկական համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ վարչական բարեփոխումների։

2. Հուշագրում նախանշված են տեխնիկական աջակցության տրամադրման սկզբունքները եւ ձեւերը, մասնավորապես.

- յուրաքանչյուր դեպքում աջակցություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ,

- Կողմերի միջեւ կարող են քննարկվել առաջարկություններ նոր նախաձեռնությունների վերաբերյալ,

- ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների, կարող է տրամադրվել ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցություն, որի շրջանակներում կարող են իրականացվել տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, փորձագետների վերապատրաստում եւ խորհրդատվություն, ինչպես նաեւ համապատասխան սարքավորումների տրամադրում,

- աջակցության ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է Երեւանում հիմնել ներկայացուցչություն։

3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- հուշագրի 6 հոդվածում թվարկված սուբյեկտներին, անձանց նույն հոդվածում նախանշված պայմաններով ազատել եկամտահարկից,

- ծրագրի իրականացման հետ կապված սարքավորումներից չգանձել ներմուծման եւ արտահանման տուրքեր, մաքսավճարներ, ազատել դրանք որեւէ ծախսից՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

- հուշագրի 6 հոդվածի «գ» կետում թվարկված անձանց ծրագրի իրականացման շրջանակներում ազատել բոլոր տեսակի տուրքերից, հարկերից եւ պարտադիր այլ վճարներից,

- կիրառել վիզաների տրամադրման անվճար եւ դյուրին ընթացակարգեր,

- կադրերի վերապատրաստման շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացված կրթաթոշակներն ազատել պարտադիր որեւէ վճարից,

- ծրագրի իրականացման շրջանակներում տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական պայմաններ։

4. Հուշագրի 6 հոդվածի «զ» կետի համաձայն՝ ծրագրի իրականացման շրջանակներում գործող կազմակերպությունները չեն համարվի առեւտրային կազմակերպություններ, իսկ ծավալվող գործունեությունը՝ ձեռնարկատիրական։

5. Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված՝ պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի փետրվարի 16-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ բրիտանական տեխնիկական աջակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 515

print page Տպել էջը