ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949թ. հուլիսի 1-ին՝ աշխատավարձի պաշտպանությունը երաշխավորելու նպատակով։

2. Կոնվենցիան ճշգրտում է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կիրառելի են դրա դրույթները՝ միեւնույն ժամանակ Պայմանավորվող կողմերին հնարավորություն տալով այդ շրջանակից բացառելու որոշակի կատեգորիայի անձանց։

3. Կոնվենցիայի համաձայն՝ աշխատավարձը պետք է վճարվի միայն օրինական վճարամիջոցով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ թույլատրվում է աշխատավարձի բնեղենով վճարում։

Գործատուներին արգելվում է որեւէ ձեւով սահմանափակել աշխատողների՝ աշխատավարձի տնօրինման ազատությունը։

Կոնվենցիայով երաշխավորվում է աշխատավարձի պաշտպանությունը ձեռնարկության սնանկացման կամ լուծարման դեպքում։ Նման ձեռնարկության աշխատակիցները պետք է համարվեն արտոնյալ պարտատերեր իրենց վճարվելիք աշխատավարձերի առնչությամբ։

Կոնվենցիան սահմանում է աշխատավարձի վճարման կարգին ներկայացվող հիմնական պահանջները։

4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնող օրենսդրության մասին տեղեկացնել շահագրգիռ անձանց, որոշել այդ օրենսդրության կիրառման համար պատասխանատու անձանց, օրենսդրության խախտման համար սահմանել համապատասխան պատժամիջոցներ։

Կողմերը պարտավորվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22 հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում ներառել տեղեկություններ կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1949թ. հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 517

print page Տպել էջը