1957 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1957 թվականի հունիսի 25-ին Ժնեւում ստորագրված՝ Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1957թ. հունիսի 25-ին՝ հարկադիր կամ պարտադիր աշխատանքն արգելելու նպատակով։
Կոնվենցիան հիմնվում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վերացմանը նպատակաուղղված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում կնքված մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես, Ստրկության մասին 1926թ. կոնվենցիայի, Աշխատավարձի պահպանման մասին 1949թ. կոնվենցիայի վրա։
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ լրիվ եւ արագ վերացնելու համար հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձեւերը, որոնք կարող են դրսեւորվել՝
- որպես քաղաքական ներգործության կամ դաստիարակության միջոց կամ որպես պատժամիջոց քաղաքական հայացքների կամ դրանց արտահայտման համար կամ քաղաքական, սոցիալական կամ տնտեսական համակարգի գաղափարախոսությանն ընդդիմադիր հայացքների համար,
- որպես աշխատուժի հավաքագրման եւ օգտագործման մեթոդ՝ տնտեսական զարգացման նպատակներով,
- որպես աշխատանքային կարգապահության միջոց,
- որպես պատժամիջոց՝ գործադուլներին մասնակցելու համար,
- որպես ռասայական, սոցիալական, ազգային կամ կրոնական խտրականության միջոց։
3. Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը, ըստ անհրաժեշտության, Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց՝ կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։
Կոնվենցիան նախատեսում է դրա չեղյալ հայտարարման եւ վերանայման կարգը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1957թ. հունիսի 25-ին Ժնեւում ստորագրված՝ Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 518