ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1930 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1930 թվականի հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված՝ Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1930թ. հունիսի 28-ին Ժնեւում՝ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վերացման հեռահար նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1932թ. մայիսի 1-ից։

2. Կոնվենցիան սահմանում է «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը՝ միաժամանակ մատնանշելով այն աշխատանքները, որոնք չեն ներառվում այդ եզրույթի մեջ։

3. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են վերացնել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի կիրառումը՝ իր բոլոր ձեւերով, հնարավոր ամենասեղմ ժամկետում։

Կոնվենցիան ամրագրում է նաեւ պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն անցումային ժամանակաշրջանում՝ մինչեւ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի լրիվ վերացումը. մասնավորապես, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են այդ ժամանակաշրջանում հարկադիր կամ պարտադիր աշխատանքը կիրառել միայն հանրային նպատակներով եւ որպես բացառիկ պատժամիջոց՝ կոնվենցիայով նախատեսված պայմանների եւ երաշխիքների համաձայն։

4. Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքով, արդեն իսկ արգելված են հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձեւերը, ինչպես նաեւ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձեւերը լրիվ վերացնելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է իր համար ուժի մեջ մտած մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1930թ. հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված՝ Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 519

print page Տպել էջը