1947 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1947 թվականի հուլիսի 11-ին Ժնեւում ստորագրված՝ Արդյունաբերությունում եւ առեւտրում աշխատանքի տեսչության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1947թ. հուլիսի 11-ին՝ արդյունաբերական եւ առեւտրի ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգ ներդնելու նպատակով։
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են արդյունաբերական եւ առեւտրի ձեռնարկություններում ստեղծել աշխատանքի տեսչության համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքային պայմաններին եւ պաշտպանությանը վերաբերող իրավանորմերի կիրառումը։
3. Կոնվենցիան սահմանում է տեսչության անձնակազմին, աշխատանքային տեսուչներին ներկայացվող հիմնական պահանջները, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են աշխատանքային տեսուչներին տրամադրել կոնվենցիայով նախատեսված իրավունքները։
4. Տեսչական ստուգումները ձեռնարկություններում իրականացվում են այնպիսի հաճախականությամբ, որքանով դա անհրաժեշտ է համապատասխան իրավական դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար։
Աշխատանքային տեսուչներն իրավասու են ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ որեւէ շինությունում կամ աշխատանքային մեթոդներում հայտնաբերված՝ աշխատողների առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող թերությունները վերացնելու նպատակով։ Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվեն եւ կիրառվեն արդյունավետ պատժամիջոցներ այն իրավական դրույթների խախտման համար, որոնց կատարումը հսկում են աշխատանքային տեսուչները։
5. Կողմերը կրում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22 հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում՝ կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի մասին ամբողջական տեղեկություններ ներառելու պարտավորություն։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1947թ. հուլիսի 11-ին Ժնեւում ստորագրված՝ Արդյունաբերությունում եւ առեւտրում աշխատանքի տեսչության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 520