1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1925 թվականի հունիսի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1925թ. հունիսի 10-ին՝ արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցման վճարում երաշխավորելու նպատակով։
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխհատուցել արտադրական պատահարի հետեւանքով վնասվածք ստացած աշխատողներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց՝ առնվազն կոնվենցիայով նախատեսված պայմաններին հավասար պայմաններով։ Կոնվենցիան կողմերին պարտավորեցնում է փոխհատուցման վճարումը երաշխավորել նաեւ գործատուի անվճարունակության դեպքում։
3. Կոնվենցիան սահմանում է արտադրական պատահարի դեպքում փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվող անձանց շրջանակը՝ միաժամանակ Պայմանավորվող կողմերին թույլ տալով կատարել որոշակի բացառություններ այդ շրջանակից։ Կոնվենցիայով արտադրական պատահարից տուժած աշխատողներին տրամադրվում է բժշկական օգնություն, գործատուի կամ ապահովագրական կազմակերպության կողմից անհրաժեշտ պրոթեզավորում, օրթոպեդիկ միջոցներ ստանալու իրավունք։
4. Կոնվենցիան նպաստում է ՀՀ Սահմանադրության 33 հոդվածով նախատեսված յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացմանը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1925թ. հունիսի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 521