ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 29 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի հունիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա վարկային hամաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն), Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով, համաձայնագրում նշված պայմաններով եւ ժամկետներում, Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրում է տարբեր տարադրամներով տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (15.400.000 ՓՀԻ) գումարի վարկ։ Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման մակարդակը Հայաստանի ջրմուղ-կոյուղի ընկերության (ՀՋԿԸ) սպասարկման տարածքում՝ մատուցելով արդյունավետ եւ կենսունակ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ եւ ամրապնդելով ՀՋԿԸ հնարավորություններն ու կենսունակությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2008թ. սեպտեմբերի 30-ը։

2. Ծրագրի բաղադրատարրերն են՝ կառավարման ծառայությունների մատուցումը, աշխատակազմի կրճատման պլանի իրականացումը, կենտրոնական վերապատրաստման հաստատության ստեղծումը, լաբորատորիաների ստեղծումը, ջրաչափերի շրջանառու հիմնադրամի ֆինանսավորումը, համատիրությունների հնարավորությունների ամրապնդումը, շահագործման ծախսերի կատարումը եւ մասնաճյուղային համակարգերում ներդրումների կատարումը։

3. Համաձայնագիրն ունի հինգ հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար՝ վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, գնումներին, իրականացման ծրագրին եւ հատուկ հաշվին։

Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ի «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (1999թ. հոկտեմբերի 6-ի փոփոխություններով) կազմում են համաձայնագրի անբաժանելի մասը։

4. Ըստ համաձայնագրի՝ վարկի փակման օրը 2009թ. փետրվարի 28-ն է կամ Ընկերակցության կողմից հաստատման ենթակա ավելի ուշ ժամկետ։ Վարկի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ընկերակցությունը վարկառուի անունից վարկային հաշվից պետք է առհանի եւ իրեն վերադարձնի այն գումարը, որն անհրաժեշտ է Ծրագրի նախապատրաստման կանխավճարից մինչեւ այդ օրն առհանված եւ չվճարված հիմնական գումարի հետվճարման համար, եւ այնուհետեւ վճարի բոլոր չվճարված ծախսերի համար։ Ծրագրի նախապատրաստման կանխավճարի լիազորված գումարի չառհանված մնացորդը դրանից անմիջապես հետո չեղյալ է համարվում։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ծրագրի նախապատրաստման կանխավճարի տրամադրումը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւանում ստորագրված՝ Կանխավճար համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրով, որը քննության է առնվել սահմանադրական դատարանում 2001թ. հոկտեմբերի 30-ին եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2001թ. նոյեմբերի 6-ին։ Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման հետ կապված մի շարք ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված կանխավճարի գումարը կազմել է 1.195.000 ԱՄՆ դոլար։ Հիշյալ համաձայնագրով որպես կանխավճարի գումարի՝ տոկոսի կամ ծառայության վճարի հետ մեկտեղ, վերադարձման ժամկետ նախատեսված էր 2003թ. հունվարի 31-ը։

Ըստ համաձայնագրի՝ վարկը տրամադրվելու է համաձայնագրում եւ Ընկերակցության ու ՀՋԿԸ-ի միջեւ քննության առարկա համաձայնագրի ամսաթվով կնքված եւ ժամանակ առ ժամանակ փոփոխվող, քննության առարկա համաձայնագրին կցված բոլոր հավելվածներն ու համաձայնություններն ընդգրկող՝ Ծրագրի համաձայնագրում նշված ժամկետների եւ պայմանների համաձայն։

Համաձայնագրով վարկառուի կողմից ՀՋԿԸ-ին վերավարկավորելու նպատակով նախատեսվում է նաեւ վերջիններիս միջեւ կնքել ենթավարկային համաձայնագիր։

5. Քննության առարկա համաձայնագրով նախատեսվում է նաեւ, որ Ծրագիրն իրականացվելու է վարկառուի աջակցությամբ՝ ՀՋԿԸ-ի կողմից, եւ վարկառուն վարկային միջոցների մի մասը տրամադրելու է ՀՋԿԸ-ին։

6. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հաշվարկված վարկի չառհանված հիմնական գումարից Ընկերակցությանը պարբերաբար վճարել կատարման ենթակա վճար՝ Ընկերակցության կողմից սահմանվող տոկոսադրույքով, բայց ոչ ավելի, քան տարեկան մեկ տոկոսի կեսի չափով (1%-ի 1/2-ը), ինչպես նաեւ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով սպասարկման վճար (1%-ի 3/4-ը)՝ հաշվարկված վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված եւ չվճարված գումարներից։

Վարկի գումարը ենթակա է մարման կիսամյակային մուծումներով՝ սկսած 2014 թվականից մինչեւ 2044թ. փետրվարի 1-ը։

7. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ կոնտրակտի վերահսկման գրասենյակի միջոցով վարել ֆինանսական կառավարման համակարգ, ներառյալ՝ գրառումներն ու հաշիվները, նախապատրաստել Ընկերակցության համար ընդունելի՝ հետեւողականորեն կիրառելի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի աշխատանքները, ռեսուրսները եւ ծախսերը, ինչպես նաեւ համաձայնագրով սահմանված ժամկետում նախապատրաստել եւ Ընկերակցությանը ներկայացնել Ընկերակցությանը բավարարող ձեւով եւ բովանդակությամբ ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն։

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի պահանջներից ելնելով՝ գնահատելով սույն ոլորտին վերաբերող նախկինում կնքված վարկային համաձայնագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետությունը ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի համար արդեն իսկ ստացել է շուրջ 140,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային ռեսուրսներ եւ համաֆինանսավորման կարգով ներդրել 17,45 մլն դոլարի բյուջետային միջոցներ։ Այդ միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ, ՀՀ Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան, օժտված է ՀՀ Ազգային ժողովը։ Այս առումով, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ ոլորտին առնչվող նոր ֆինանսական պարտավորությունների ստանձնման նպատակահարմարությունը գնահատելիս՝ միջազգային վարկային համաձայնագրի վավերացման փուլում անհրաժեշտ է նաեւ արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության գնահատումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի հունիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 522

print page Տպել էջը