ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 4 հոկտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կ. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» կանոնակարգը հաստատելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնեւում՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու նպատակով:
2. Արձանագրությամբ հաստատվում է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» կանոնակարգը, որը հանդիսանում է արձանագրության անբաժանելի մասը։
Կանոնակարգը սահմանում է հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման կազմակերպչական հիմքերը, հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման կապակցությամբ աջակցության մասին հարցում ներկայացնելու կարգը։
3. Պայմանավորվող կողմերն իրենց օրենսդրությանը համապատասխան որոշում են հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման համար պատասխանատու իրավասու մարմինները՝ այդ մասին ավանդապահին հայտնելով արձանագրության վավերացման մասին ծանուցման հետ միաժամանակ։
Ահաբեկչական գործունեությունը խափանելու նպատակով հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ անցկացնելու մասին որոշումն ընդունում է հայցող կողմը՝ հայցվող կողմի համաձայնությամբ։
Հակաահաբեկչական համատեղ միջոցառումներն իրականացվում են հայցող պետության կողմից ձեւավորված ղեկավարման մարմնի անմիջական ենթակայությամբ։ Կանոնակարգը սահմանում է ղեկավարման մարմնի խնդիրները, այդ մարմնի ղեկավարի լիազորությունները։
4. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայցող կողմ, փոխադարձաբար ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.
- ստեղծել անհրաժեշտ պայմաններ հակաահաբեկչական հատուկ կազմավորումների անձնակազմը, հատուկ միջոցներն ու նյութերը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման վայր հասցնելու համար, իր հաշվին իրականացնել տեղաբաշխումը, սննդով, տրանսպորտով, բուժսպասարկմամբ ապահովումը, կապից, այդ թվում՝ հատուկ կապից, օգտվելը,
- հայցվող կողմի հակաահաբեկչական հատուկ կազմավորման ապահովման հատուկ միջոցներն ու նյութերը հակաահաբեկչական համատեղ միջոցառումների անցկացման վայր ուղարկելիս եւ վերադարձնելիս ազատել մաքսային եւ այլ տուրքերից ու վճարներից,
- հրաժարվել հակաահաբեկչական համատեղ միջոցառումներին մասնակցող հայցվող կողմի նկատմամբ որեւէ պահանջից, այդ թվում նաեւ՝ ՀՀ տարածքում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցմանը վերաբերող պահանջից, եթե վնասը պատճառվել է ղեկավարման մարմնի առաջադրած խնդիրները կատարելիս, եւ հատուցել այդպիսի վնասը ՀՀ օրենսդրության համաձայն, որը կկիրառվեր համանման իրավիճակում ՀՀ հակաահաբեկչական կազմավորումների մասնակիցների կողմից վնաս պատճառելու դեպքում,
- հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ անցկացնելիս՝ հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին հատուցել վիրավորվելու, հաշմանդամության կամ մահվան հետ կապված ծախսերը՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ չափով, միեւնույն ժամանակ, որպես հայցվող կողմ, փոխադարձության հիման վրա, երաշխավորել իր հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների, երաշխիքների ու փոխհատուցումների՝ լրիվ ծավալով պահպանումը։
Նշված ֆինանսական պարտավորությունները շարունակում են գործել նաեւ Պայմանավորվող կողմի՝ արձանագրությունից դուրս գալու դեպքում։
5. Պայմանավորվող կողմերը, փոխադարձության հիման վրա, պարտավորվում են հարգել հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների իրավական կարգավիճակը եւ ապահովել նրանց բոլոր քաղաքացիական իրավունքները եւ ազատությունները՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան։ Հակաահաբեկչական հատուկ կազմավորումներն իրենց հերթին հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս կրում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը եւ հայցող կողմի ազգային օրենսդրությունը պահպանելու պարտականություն։
Կանոնակարգով երաշխավորվում է նաեւ հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասին հասարակության իրազեկումը։
6. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հայցող կողմի տարածքում հակաահաբեկչական հատուկ կազմավորումների ժամանակավորապես գտնվելու ընթացքում հակաահաբեկչական հատուկ կազմավորումների կազմի մեջ մտնող հակաահաբեկչական համատեղ միջոցառումների մասնակիցների նկատմամբ դատավարական գործողություններ կատարելիս, ինչպես նաեւ իրավական օգնություն տրամադրելիս ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ միջազգային պարտավորություններն ստանձնել է պետությունների միջեւ իրավական փոխօգնության, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, մասնավորապես, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի կից կամընտիր արձանագրությամբ, Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ին եւ 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ԱՊՀ շրջանակներում ստորագրված կոնվենցիաներով:
7. Արձանագրությունում նախատեսված է դրույթ՝ արձանագրության ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ գործողության դադարեցման վերաբերյալ:
Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» կանոնակարգը հաստատելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 հոկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 523