ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հունիսի 22-ին Ժնեւում ընդունված՝ Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1970թ. հունիսի 22-ին Ժնեւում՝ անհիմն ցածր աշխատավարձով աշխատող վարձու աշխատողների պաշտպանության նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է 1972թ. ապրիլի 29-ից։

2. Սույն կոնվենցիան լրացնում է «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» 1928թ., «Գյուղատնտեսության մեջ նվազագույն աշխատավարձի սահմանման ընթակարգի մասին» 1951թ., «Հավասար վարձատրության մասին» 1951թ. (ՀՀ-ն միացել է 21.12.1993թ.) կոնվենցիաներին։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- սահմանել վարձու աշխատողների բոլոր խմբերն ընդգրկող նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ,

- ապահովել, որպեսզի սահմանվեն վարձու աշխատողների այն խմբերը, որոնց վրա տարածվում է նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգը,

- ապահովել, որպեսզի նվազագույն աշխատավարձը չնվազեցվի, ինչպես նաեւ ստեղծել ազգային պայմաններին եւ պահանջներին հարմարեցված այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա ժամանակ առ ժամանակ վերանայել վարձու աշխատողների խմբերի նվազագույն աշխատավարձը,

- կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշել վարձու աշխատող անձանց այն բոլոր խմբերը, որոնց վրա չի տարածվում կոնվենցիայի 1 հոդվածի դրույթների գործողությունը՝ նշելով դրանք չտարածելու պատճառները, այդպիսի խմբերի վերաբերյալ իր օրենսդրության եւ փորձի վիճակի մասին,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ բոլոր դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար։

4. Ըստ կոնվենցիայի՝ նվազագույն աշխատավարձը սահմանող դրույթն ունի օրենքի ուժ։ Կոնվենցիան նախատեսում է նաեւ այն գործոնները, որոնք Կողմերը կարող են հաշվի առնել նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս։

5. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1 եւ 29 հոդվածներում ամրագրված սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1970թ. հունիսի 22-ին Ժնեւում ընդունված՝ Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 527

print page Տպել էջը