2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 5 նոյեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝
Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանի,
հրավիրված՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ս. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագրում (Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն քննության առարկա համաձայնագրի՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն) Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տարբեր տարադրամներով տրամադրում է 13.000.000 փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ) համարժեք գումար (մոտ 19.000.000 ԱՄՆ դոլար)՝ վարկառուի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի (Ծրագիր) իրականացումը ֆինանսավորելու համար: Ծրագրի նպատակն է աջակցել վարկառուի կողմից Ծրագրի իրականացման առաջին փուլին՝ բարելավելով առողջապահության որակն ու մատչելիությունը, ընտրված հիվանդանոցային ցանցերի որակն ու արդյունավետությունը եւ մշակելով առողջապահության քաղաքականության եւ մոնիտորինգի կարողություններ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2008թ. դեկտեմբերի 31-ին: Վարկի փակման օրը 2009թ. հունիսի 30-ն է կամ Ընկերակցության կողմից սահմանվող ավելի ուշ ժամկետ:
Բացի սույն համաձայնագրով ներգրավվող վարկային միջոցներից, Ծրագրի իրականացման համար դրամաշնորհային համաձայնագրի (Ճապոնական դրամաշնորհ) հիման վրա հատկացվելու է նաեւ 1.250.000 ԱՄՆ դոլար:
Սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում նաեւ հինգ հավելված եւ Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ին ընդունված ու 1999թ. հոկտեմբերի 6-ին փոփոխված՝ «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», որոնց մի մասը սույն համաձայնագրի նկատմամբ կիրառվում է որոշակի փոփոխություններով:
2. Վարկը տրամադրվում է 40 տարի՝ ընդհանուր եւ 10 տարի արտոնյալ ժամկետով: Վարկառուն վարկի մայր գումարը պետք է մարի կիսամյակային մուծումներով, որոնք պետք է վճարվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին՝ սկսած 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2044թ. ապրիլի 1-ը: Մինչեւ 2024թ. ապրիլի 1-ը կատարվելիք մուծումները պետք է կազմեն մայր գումարի 1%-ը, իսկ դրանից հետո կատարված յուրաքանչյուր մուծում՝ մայր գումարի 2%-ը:
Վարկառուն վարկի չառհանված հիմնագումարի դիմաց պարտավորվում է վճարել պարտագումար՝ Ընկերակցության կողմից յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին սահմանվելիք տոկոսադրույքով, բայց ոչ ավելի, քան տարեկան 1%-ի 1/2-ի չափով, ինչպես նաեւ 1%-ի 3/4-ի չափով սպասարկման վարձ՝ վարկի հիմնագումարի առհանումների եւ մնացորդային գումարների դիմաց:
3. Վարկառուն պարտավորվում է Ընկերակցության համար ընդունելի բանկում բացել եւ պահպանել բանկային հաշիվ (Ծրագրի հաշիվ), որին պետք է մուծվի նաեւ համաֆինանսավորման պահանջների՝ վարկառուի մասնաբաժինը՝ 8-10%-ի չափով (հավելված 1-ում ներկայացված աղյուսակի 1-ին կետի համաձայն):
Վարկառուն պարտավորվում է նաեւ վարել վարկի ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել ֆինանսական հաշվետվություններ՝ Ընկերակցության համար ընդունելի ձեւով եւ անկախ հաշվեքննիչների կողմից, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի հետ կապված գործառնությունները, միջոցները եւ ծախսերը: Բացի ընթացիկ հաշվետվություններից, վարկառուն պետք է ներկայացնի նաեւ ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն՝ նշելով Ծրագրի միջոցների աղբյուրներն ու օգտագործումը, սույն համաձայնագրի հիման վրա տրամադրված միջոցները: Ֆինանսական մոնիտորինգի հաշվետվությամբ պետք է նաեւ հիմնավորվի պլանավորված եւ փաստացի օգտագործված գումարների տարբերությունը:
4. Համաձայնագիրը Կողմերի համար նախատեսում է նաեւ մի շարք այլ իրավունքներ եւ պարտականություններ:
5. Համաձայնագրի հավելված 1-ով սահմանված են վարկի միջոցներից ֆինանսավորվելիք վճարումների կատեգորիաները, հավելված 2-ը մանրամասնում է Ծրագրի բաղադրիչները (ընտանեկան բժշկության զարգացում, հիվանդանոցային ցանցի օպտիմալացման եւ արդիականացման պլանների իրականացում, Ծրագրի ղեկավարում եւ այլն), հավելված 3-ով կանոնակարգված է ապրանքների եւ աշխատանքների, խորհրդատուների ընտրության ընթացակարգը, հավելված 4-ով նախատեսվում է Ծրագիրն իրականացնելու պլան, իսկ հավելված 5-ն ամրագրում է Ծրագրի նպատակների համար հատուկ հաշիվ բացելու վարկառուի իրավունքը, հատուկ հաշվին գումարների ավանդադրման եւ դրանից վճարումներ կատարելու կարգը:
6. Քննության առարկա համաձայնագրի ուժի մեջ մտնելը պայմանավորված է որոշակի հանգամանքներով, այն է՝ վարկառուի կողմից մշակվել եւ համաձայնեցվել է Ճապոնական դրամաշնորհային համաձայնագիրը, բացվել է Ծրագրի հաշիվը եւ հաստատվել է պետական հիվանդանոցների կառավարումը բարելավելու գործողությունների պլան ու ժամանակացույց:
7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի հիման վրա ուսումնասիրելով ՀՀ առողջապահական համակարգի ֆինանսավորմանն ուղղված վարկային համաձայնագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումների համար վարկային միջոցների տրամադրում նախատեսվել է նաեւ 1997թ. սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված՝ ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի (Առողջապահության ֆինանսավորման եւ առողջության առաջնային պահպանման ծրագիր), Կառուցվածքային բարեփոխումների 2-րդ վարկի եւ Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության 2-րդ վարկի, 1998թ. դեկտեմբերի 23-ի Կառուցվածքային բարեփոխումների 3-րդ վարկի, 2001թ. մայիսի 31-ի Կառուցվածքային բարեփոխումների 4-րդ վարկի եւ 2003թ. մարտի 14-ի Կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի համաձայնագրերով:
8. Առողջապահության համակարգում ներդրվող վարկային միջոցների նպատակային օգտագործման խնդիրն անմիջականորեն առնչվում է առողջապահական պետական ծրագրերի իրականացման սահմանադրական պահանջների հետեւողական կատարմանը: Այս հարցի առնչությամբ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է ՍԴՈ-90 եւ ՍԴՈ-114 որոշումներում՝ առաջարկելով ՀՀ կառավարությանն անհետաձգելի միջոցներ ձեռնարկել առողջապահության ոլորտում վարկային եւ բյուջետային միջոցների նպատակային օգտագործման անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու, ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջներն իրականացնելու, բնակչության առողջության պահպանման օրենքով նախատեսված պետական նպատակային ամենամյա ծրագրեր հաստատելու եւ իրականացնելու համար:
Գործի քննությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ, ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջի, 1998-2003 թվականներին ընդունվել են պետական նպատակային ծրագրեր:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ վարկային համաձայնագրի իրականացումը նույնպես պետք է հաշվի առնի առողջապահության բնագավառում նպատակային ծրագրերի իրականացման սահմանադրական եւ օրենսդրական պահանջը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հուլիսի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագրում (Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 529