1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 նոյեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1999թ. նոյեմբերի 4-ին՝ Ստրասբուրգում։ Կոնվենցիայի նպատակն է կոռուպցիայի հետեւանքով վնաս կրած անձանց համար արդարացի փոխհատուցման երաշխավորումը։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2004թ. փետրվարի 17-ին՝ Ստրասբուրգում։
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 1-ին։
Կոնվենցիան հիմնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1996թ. նոյեմբերին ընդունված՝ Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրի, 1997թ. նոյեմբերի 6-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի 20 հիմնական սկզբունքների մասին թիվ (97) 24 բանաձեւի եւ 1998թ. մայիսի 4-ին ընդունված՝ «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ - «GRECO»-ի մասնակի եւ ընդլայնված հիմնադիր համաձայնագրի ընդունումը լիազորող թիվ (98) 7 բանաձեւի վրա։
Սույն կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որեւէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը։
2. Քննության առարկա կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիայի հետեւանքով վնաս կրած յուրաքանչյուր անձի՝ վնասի դիմաց լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով հայց հարուցելու իրավունքը։ Կոնվենցիան սահմանում է փոխհատուցում տրամադրելու պայմանները, այն է՝ պատասխանողի կողմից կոռուպցիոն գործողության կատարումը կամ դրա կատարումը թույլ տալը, հայցվորի՝ վնաս կրելու փաստը եւ պատճառական կապը կոռուպցիոն գործողության եւ պատճառված վնասի միջեւ։
Պայմանավորվող պետությունները փոխհատուցման պահանջի համար չեն կարող սահմանել հայցային վաղեմության ավելի նվազ ժամկետ, քան երեք տարին է։
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան ընթացակարգեր, որոնք պետական պաշտոնյաների՝ իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց թույլ կտան փոխհատուցում պահանջել պետությունից, կամ եթե կողմը ոչ պետական կազմակերպություն է՝ վերջինիս համապատասխան մարմիններից։
3. Կոնվենցիան երաշխավորում է այն անձանց պաշտպանությունը, ովքեր կոռուպցիայի վերաբերյալ հիմնավոր կասկածների մասին բարեխղճորեն հայտնել են իրավասու պաշտոնատար անձանց կամ մարմիններին։
4. Հաշվի առնելով, որ հաշվեկշիռների եւ վերստուգման վերաբերյալ ներպետական օրենսդրությունը կոռուպցիան բացահայտելու եւ դրա դեմ պայքարի կարեւոր միջոց է՝ կոնվենցիան Պայմանավորվող պետություններին պարտավորեցնում է ներպետական օրենսդրությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընկերությունների տարեկան հաշվետվությունները կազմվեն հստակ, ճշգրիտ եւ հավաստի տվյալներ պարունակեն ֆինանսական վիճակի վերաբերյալ, վերստուգմամբ հավաստիացվի դրանց ճշգրտությունը եւ հավաստիությունը։
5. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO)։ Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ հանդիսանում է այդ խմբի անդամ։
Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաեւ կոռուպցիոն գործողության առնչությամբ հարուցված քաղաքացիական վարույթներով միմյանց հետ համագործակցելու պարտավորություն։ Կոնվենցիան սահմանում է համագործակցության հիմնական ուղղությունները։ Դրանք են՝ փաստաթղթերի հանձնումը, Պայմանավորվող կողմի տարածքում ապացույցների ձեռքբերումը, իրավասության, օտարերկրյա դատարանների վճիռների եւ դատական ծախսերի ճանաչումն ու կատարումը։
6. Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածին համապատասխան, գնահատելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը 2004թ. հունիսի 8-ին վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան եւ դրա լրացուցիչ արձանագրությունը։ Այդ փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2004թ. մարտի 30-ին։ Նշված փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվել է քրեականացնել դրանցով նախատեսված կոռուպցիոն արարքները։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի կատարումն այդ կոնվենցիայով եւ լրացուցիչ արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների՝ մշակվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
7. Քննության առարկա կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում հռչակված ժողովրդավարական եւ իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը։ Կոնվենցիան նաեւ լրացուցիչ իրավական երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված՝ անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացման համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 նոյեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 530