1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 9 նոյեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1981 թվականի հունիսի 19-ին Ժնեւում ընդունված՝ Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1981թ. հունիսի 19-ին՝ Ժնեւում։ Կոնվենցիայի նպատակն է կոլեկտիվ բանակցությունների իրավունքի արդյունավետ իրացման ապահովումը։
Կոնվենցիայի համար իրավական հիմք են հանդիսանում «Միավորման ազատության եւ կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» 1948թ., «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու եւ վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949թ. կոնվենցիաները, «Կոլեկտիվ պայմանագրերի մասին» 1951թ. հանձնարարականը, «Պետական ծառայության մեջ աշխատանքային հարաբերությունների մասին» 1978թ. կոնվենցիան եւ 1978թ. հանձնարարականը, ինչպես նաեւ «Աշխատանքի կառավարման մասին» 1978թ. կոնվենցիան եւ 1978թ. հանձնարարականը։
Կոնվենցիան պարտավորություններ է առաջացնում Կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց՝ քննության առարկա կոնվենցիայի վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից։
2. Քննության առարկա կոնվենցիան կիրառելի է տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի նկատմամբ։ Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ որոշելու կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառելիության շրջանակը զինված ուժերի եւ ոստիկանության նկատմամբ։
Կոնվենցիան սահմանում է «կոլեկտիվ բանակցություններ» հասկացության բովանդակությունը՝ առանձնացնելով այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կարող են վարվել կոլեկտիվ բանակցություններ։
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայի դրույթների կիրառումն ապահովել ներպետական օրենսդրությամբ, եթե դա չի իրականացվում կոլեկտիվ պայմանագրերով, միջնորդ դատարանի վճիռներով կամ ազգային գործելակերպին համապատասխանող ցանկացած այլ ձեւով։
Կողմերը պարտավորվում են նաեւ կոլեկտիվ բանակցություններին աջակցելու համար ձեռնարկել ազգային պայմաններին հարմարեցված համապատասխան միջոցներ, որոնք ուղղված են կոնվենցիայի հոդված 5-ի 2-րդ կետում նշված նպատակների ձեռքբերմանը։
Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու նպատակով կիրառվող մեթոդները պետք է մշակվեն կամ կիրառվեն այնպես, որ չսահմանափակվի կոլեկտիվ բանակցությունների ազատությունը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1981թ. հունիսի 19-ին Ժնեւում ընդունված՝ Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
9 նոյեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 531