ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 23 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կամընտիր արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կամընտիր արձանագրությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է 2000թ. մայիսի 25-ին, Նյու Յորքում՝ մանկավաճառությունը, երեխաների մարմնավաճառությունը եւ մանկական պոռնոգրաֆիան արգելելու նպատակով։ Այն ուժի մեջ է 2002 թ. հունվարի 18-ից։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992թ. հուլիսի 1-ին, իսկ արձանագրությունն ստորագրել է 2003թ. սեպտեմբերի 24-ին։

2. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- քրեական իրավունքի ոլորտ ընդգրկել մանկավաճառությունը, մարմնավաճառության նպատակով երեխա առաջարկելը, ստանալը, փոխանցելը կամ տրամադրելը, մանկական պոռնոգրաֆիայի նյութեր արտադրելը, բաշխելը, տարածելը, ներմուծելը, արտահանելը, առաջարկելը, վաճառելը կամ պահելը,

- երեխայի որդեգրման հետ կապված ձեռնարկել բոլոր իրավական եւ վարչական միջոցները,

- անձին քաղաքացիության հիմքով չհանձնելու պարագայում ձեռնարկել պատշաճ միջոցներ քրեական հետապնդում հարուցելու նպատակով գործը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու համար,

- նշված արարքների, դրանց կատարման փորձի եւ հանցակցության համար սահմանել համարժեք պատժամիջոցներ,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ իր տարածքում կատարված՝ արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար եւ այդ հանցագործությունների կատարման նպատակով օգտագործված գույքի, այդ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների առգրավման եւ բռնագրավման համար,

- ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ համապատասխան օրենքների, վարչական միջոցների, սոցիալական ռազմավարությունների եւ ծրագրերի ընդունում ու կիրառում, արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների եւ դրանց հետեւանքների վերաբերյալ հասարակության իրազեկվածության ապահովում,

- ինչպես նաեւ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների զոհ հանդիսացող երեխաներին օգնություն տրամադրելու համար։ Կողմերը քրեական դատավարության բոլոր փուլերում պետք է ձեռնարկեն այդ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված պատշաճ միջոցներ։

3. Կամընտիր արձանագրությունը սահմանում է հանցագործությունների քննության գործում միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ փոխադարձ իրավական օգնություն, արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց հանձնում։ Այդ հանցագործությունները՝ որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառված են համարվում Կողմերի միջեւ կնքված հանձնման մասին պայմանագրերում եւ պետք է ներառվեն հետագայում կնքվելիք պայմանագրերում։

Կողմերի միջեւ միջազգային համագործակցության ուղղություններից է նաեւ արձանագրությամբ նախատեսված հանցագործությունների պատճառների վերացումը։

4. Կամընտիր արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնելու է զեկույց այն միջոցների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են արձանագրության դրույթների կատարման համար։

5. Կամընտիր արձանագրությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը կնպաստի հասարակության եւ պետության կողմից մանկությունը հովանավորելու եւ պաշտպանելու՝ ՀՀ Սահմանադրության պահանջի (հոդված 32) իրացմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000թ. մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 533

print page Տպել էջը