ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի եւ լիազորությունների շրջանակի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի՝ 11.12.2002թ. նամակի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի 24.07.2003թ. պատասխան նամակի փոխանակման միջոցով։ Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրների եւ կարգավիճակի սահմանումն է։

2. Հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրներն են.

- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ներկայացնելը,

- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի եւ ՀՀ ներպետական մարմինների, հասարակության ներկայացուցիչների հետ անհրաժեշտ կապի ապահովումը,

- Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը, Եվրախորհրդի բոլոր մարմինների գործունեությանն աջակցելը եւ նպաստելը,

- Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացման քաղաքական համակարգումը,

- Եվրոպայի խորհրդի իրավասության հարցերով Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային այլ կազմակերպությունների եւ հաստատությունների, գործընկերների գործունեությունը համակարգելը,

- Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին եւ քաղաքական հարցերով Գլխավոր տնօրենին տեղեկացնելը եւ դրանց վերաբերյալ խորհուրդ տալը,

- վարել ակտիվ լրատվական քաղաքականություն, որը կներառի Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներին վերաբերող հարցերով հրապարակային հայտարարությունները՝ ապահովելով Եվրոպայի խորհրդի, նրա սկզբունքների, չափորոշիչների, գործունեության եւ ծրագրերի մասին իրազեկությունը,

- Հայաստանի Հանրապետություն՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձանց, պատվիրակությունների այցերի նախապատրաստմանն աջակցելը:

3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն իր վերոհիշյալ լիազորություններն իրականացնելու է աշխատակազմի միջոցով, որը տեղակայվելու է Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում՝ անձեռնմխելիության եւ արտոնությունների այնպիսի իրավունքի գործադրմամբ, որը սահմանված է 2002թ. նոյեմբերի 5-ին ստորագրված՝ Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում:

4. Համաձայնագրի եւ Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը, նրա գույքը, եկամուտներն ու այլ սեփականությունը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են ազատման բոլոր ուղղակի հարկերից, գրասենյակի կողմից՝ իր պաշտոնական օգտագործման համար պահանջվող իրերի, գրասենյակի հրատարակումների ներմուծման եւ արտահանման հետ կապված մաքսատուրքերից, արգելքներից եւ սահմանափակումներից։

Նշված հարկային եւ մաքսային արտոնությունները, համաձայնագրին համապատասխան, հանգամանքներից բխող փոփոխություններով, տրամադրվում են նաեւ Հատուկ ներկայացուցչին, որին կտրամադրվեն նաեւ Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցչին տրամադրել նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տրամադրված անձեռնմխելիություն՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային համապատասխան,

- միջոցներ ձեռնարկել Հատուկ ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրած շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

6. Համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ 24.06.2003 թվակիր նամակի վերջին պարբերության համաձայն՝ նախատեսվում է համաձայնագրի ժամանակավոր (բացառությամբ 5-րդ կետի) կիրառում՝ նախքան համաձայնագրի վավերացման սահմանադրական գործընթացի ավարտը, ինչը համահունչ է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 25 հոդվածի դրույթներին:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 1, 4 եւ 9 հոդվածներում ամրագրված սկզբունքներից: Մասնավորապես, որպես ինքնիշխան եւ իրավական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան պարտավորվել է ապահովել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը նաեւ նրա հատուկ կարգավիճակում գտնվելու ընթացքում՝ ապահովելով պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանըՈՐՈՇԵՑ.

1. Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի եւ լիազորությունների շրջանակի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 534

print page Տպել էջը