ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 3 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1925 թվականի հունիսի 10-ին Ժնեւում ընդունված՝ Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1925թ. հունիսի 10-ին՝ Ժնեւում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1927թ. ապրիլի 1-ից:

2. Կոնվենցիան նախատեսում է, որ այն վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավոր է՝

- մասնագիտական հիվանդության հետեւանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը՝ արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան, եւ այդ փոխհատուցման չափը չի կարող ցածր լինել օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման գումարի չափից,

- մասնագիտական հիվանդություններ համարել 2 հոդվածի աղյուսակում նշված նյութերից (կապար, սնդիկ եւ դրանց համաձուլվածքներ ու միացություններ, սիբիրյան խոցի մանրէ) առաջացած հիվանդություններն ու թունավորումները, որոնք ազդում են վերոհիշյալ աղյուսակում համապատասխանաբար նշված առեւտրի եւ արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների վրա եւ համարվում են օրենսդրությամբ նախատեսված մասնագիտական հիվանդություններ:

3. Ըստ կոնվենցիայի՝ կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր օրենսդրությամբ մասնագիտական հիվանդությունների փոխհատուցումը կարգավորող պայմաններ սահմանելիս եւ այդ հիվանդությունների նկատմամբ արտադրական պատահարների վերաբերյալ օրենսդրությունը կիրառելիս կարող է, ըստ անհրաժեշտության, կատարել փոփոխություններ եւ համապատասխանեցումներ:

4. Կոնվենցիայում նախատեսված են նաեւ դրույթներ դրա ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի, չեղյալ հայտարարելու եւ կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Կոնվենցիան կնքված է երկու բնօրինակով՝ ֆրանսերեն եւ անգլերեն:

6. Սահմանադրական դատարանը քննության ընթացքում պարզեց, որ քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից վերանայվել է Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին 1934թ. հունիսի 4-ի եւ Արտադրական վնասվածքների դեպքում նպաստների մասին 1964թ. հունիսի 17-ի կոնվենցիաներով:

1934թ. հունիսի 4-ի եւ քննության առարկա կոնվենցիաների դրույթները եւ դրանցով նախատեսված պարտականությունների շրջանակը համարժեք են: Միակ էական տարբերությունը կայանում է նրանում, որ 1934թ. հունիսի 4-ի կոնվենցիայում ընդլայնվել է մասնագիտական հիվանդությունների եւ վտանգավոր աշխատանքների ցանկը:

1964թ. հունիսի 17-ի կոնվենցիան, ներառելով 1934թ. հունիսի 4-ի եւ քննության առարկա կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունները, ընդլայնում է մասնագիտական հիվանդությունների ցանկը, ամրագրում է մասնագիտական հիվանդություններ ստացած անձանց եւ դրանցից մահացած անձանց խնամքի տակ գտնվողների մի շարք իրավունքներ, ինչպես նաեւ կանոնակարգում է փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1964թ. հունիսի 17-ի կոնվենցիան, ամրագրելով պարտավորությունների ավելի լայն շրջանակ, միաժամանակ այն Պայմանավորվող կողմերին, որոնց տնտեսությունը եւ բժշկական ծառայությունները անբավարար են զարգացած, իրավունք է վերապահում ժամանակավորապես բացառել այդ կոնվենցիայով նախատեսված առանձին դրույթների գործողությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1925 թվականի հունիսի 10-ին Ժնեւում ընդունված՝ Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

3 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 535

print page Տպել էջը