ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 3 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1949 թվականի հունիսի 29-ին Ժնեւում ընդունված՝ Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949թ. հունիսի 29-ին Ժնեւում՝ պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների ներառումը երաշխավորելու նպատակով։

2. Կոնվենցիան սահմանում է պայմանագրերի շրջանակը, որոնց նկատմամբ այն կիրառելի է։ Միեւնույն ժամանակ, կոնվենցիան Պայմանավորվող կողմերին հնարավորություն է ընձեռում կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառելու որոշ պայմանագրեր։

3. Կոնվենցիայի կողմերը պարտավորվում են պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում ապահովել շահագրգիռ աշխատողներին աշխատավարձ, աշխատաժամանակի տեւողություն եւ աշխատանքի այլ պայմաններ երաշխավորող համապատասխան հոդվածներ, որոնք պակաս բարենպաստ չեն լինի տվյալ շրջանում առեւտրի կամ արդյունաբերության ոլորտում համանման բնույթի աշխատանքների համար սահմանված պայմաններից։

Պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել, որպեսզի օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կամ կոնվենցիայի դրույթների կիրարկմանն ուղղված այլ իրավական փաստաթղթերի մասին տեղեկացվեն բոլոր շահագրգիռ անձինք, այդ նորմատիվ ակտերը սահմանեն դրանց կատարումն ապահովող անձանց, նախատեսեն համապատասխան գրանցումներ աշխատանքային օրվա տեւողության եւ աշխատավարձի մասին, ինչպես նաեւ դրանց կիրառումն ապահովող տեսչական համակարգ։

Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերով նախատեսված աշխատանքային հոդվածների դրույթները չպահպանելու կամ չկատարելու դեպքում պետք է կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ։

4. Կոնվենցիան նախատեսում է դրա դրույթների կիրառումը Պայմանավորվող պետության կողմից ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն, եթե առաջացել է ազգային բարեկեցության կամ անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անհաղթահարելի ուժ։

Կոնվենցիայի դրույթները չունեն հետադարձ ուժ եւ կիրառելի չեն այն պայմանագրերի նկատմամբ, որոնք կնքվել են մինչեւ կոնվենցիայի՝ տվյալ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ մտնելը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1949թ. հունիսի 29-ին Ժնեւում ընդունված՝ Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

3 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 537

print page Տպել էջը