ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 մայիսի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրն ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Երեւանում։ Պայմանագրի նպատակն է Կողմերի միջեւ համագործակցության զարգացումը, կապիտալ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման փոխադարձ բարենպաստ հավասար պայմանների ստեղծումը, այդ նպատակով անհրաժեշտ իրավական հիմքի ապահովումը։

Պայմանագրով Կողմերը պայմանավորվում են խրախուսել միմյանց քաղաքացիների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կապիտալ ներդրումները, ապահովել այդ ներդրումների կառավարումն ու տնօրինումը, կիրառումն ու օգտագործումը, լիակատար պաշտպանվածությունն ու անվտանգությունը։

Ըստ դիմող Կողմի, պայմանագրի 4 հոդվածի «... բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումներ...» բառակապակցության փոխարեն պետք է ընդունել «օտարում» հասկացությունը։

Պայմանագրով Կողմերը երաշխավորում են կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրումը։

Պայմանագրում մանրամասնված է առաջացած տարաձայնությունների լուծման ընթացակարգը, իսկ կից արձանագրությամբ մեկնաբանված են առանձին հոդվածների դրույթները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ ստորագրված պայմանագիրը նպաստում է հայ-գերմանական միջպետական տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ապահովելով նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների պահանջների կատարումը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 մայիսի 1997 թվականի
ՍԴՈ - 54

print page Տպել էջը