ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 8 դեկտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին 1997 թվականի ապրիլի 11-ին Լիսաբոնում ստորագրված կոնվենցիայում (կից հայտարարությամբ եւ վերապահումով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1997թ. ապրիլի 11-ին՝ Լիսաբոնում, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 1-ին։
Կոնվենցիայի նպատակն է դյուրացնել կրթությունը շարունակելու համար եվրոպական տարածաշրջանի յուրաքանչյուր Կողմի ուսումնական հաստատությունների ուսանողների մուտքը մյուս Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ բարելավել եվրոպական տարածաշրջանի որեւէ երկրում ստացած ուսման, ուսման վկայականների, վկայագրերի եւ գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման պրակտիկան։
Հայաստանի Հանրապետությունը վավերացման պայմանով ստորագրել է կոնվենցիան 2000թ. մայիսի 26-ին՝ Ստրասբուրգում։
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ա) հիմնվելով կոնվենցիայի II. 2 հոդվածի վրա՝ կոնվենցիան ստորագրել է հայտարարությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետություններում ստացված որակավորումների ճանաչման հարցերով իրավասու մարմինն է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը. բ) հիմնվելով կոնվենցիայի XI. 7 հոդվածի վրա՝ կոնվենցիան ստորագրել է վերապահումով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում չկիրառել կոնվենցիայի IV. 8 հոդվածը։
2. Կոնվենցիան սահմանում է Կողմերից որեւէ մեկում տրված որակավորումների՝ մյուս Կողմերում գնահատման սկզբունքները, կարգավորում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող որակավորումների, ուսման ժամանակաշրջանների, բարձրագույն կրթության որակավորումների, փախստականների, տեղահանված եւ փախստականների վիճակում գտնվող անձանց որակավորումների ճանաչման, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ ծրագրերի գնահատման մասին տեղեկության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է կոնվենցիայի նպատակների իրականացման մեխանիզմները։ Մասնավորապես, հիմնադրվում է Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի կոմիտե՝ կազմված յուրաքանչյուր Կողմի մեկական ներկայացուցչից։ Կոմիտեն՝ Ակադեմիական ճանաչման եւ շարժունակության հարցերով ազգային տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցի հետ մեկտեղ (հիմնադրված՝ 1994թ.) հանդիսանում է կոնվենցիայի իրականացումը վերահսկող, խթանող եւ դյուրացնող մարմին։
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- առանց խտրականության երաշխավորել Կողմերից որեւէ մեկում տրված որակավորումների գնահատման իրավունքը՝ ՀՀ համապատասխան մարմնին տվյալ անձի դիմելու դեպքում,
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգին պատկանող ծրագրերով ընդունվելու նպատակով ճանաչել մյուս Կողմի տված եւ այնտեղ բարձրագույն կրթության ընդունելության ընդհանուր պահանջները բավարարող որակավորումները, եթե տվյալ Կողմի եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր պահանջների միջեւ էական տարբերություն չկա,
- ճանաչել մյուս Կողմի բարձրագույն ուսումնական ծրագրի շրջանակներում իրականացված ուսման ժամանակաշրջանը, եթե այդ ժամանակաշրջանի եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարձրագույն կրթության ծրագրի այդ մասի միջեւ էական տարբերություն չկա,
- ճանաչել մյուս Կողմում շնորհված բարձրագույն կրթության որակավորումները, եթե տվյալ որակավորման եւ Հայաստանի Հանրապետությունում տրվող համապատասխան որակավորումների միջեւ էական տարբերություն չկա,
- ՀՀ կրթական համակարգի շրջանակներում եւ ՀՀ սահմանադրական, իրավական, կանոնակարգային դրույթների համաձայն ձեռնարկել բոլոր հնարավոր եւ ողջամիտ քայլերն ընթացակարգեր մշակելու համար, որոնք ուղղված կլինեն արդար եւ արագ գնահատելու, թե արդյո՞ք փախստականները, տեղահանված անձինք եւ փախստականի վիճակում գտնվող անձինք բավարարում են բարձրագույն կրթություն ստանալու, հետագա բարձրագույն կրթական ծրագրերով ուսումը շարունակելու կամ զբաղվածության համար համապատասխան պահանջներին՝ անգամ այն դեպքում, երբ Կողմերից մեկում ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով,
- ստեղծել կամ պահպանել ճշգրիտ, համապատասխան եւ արդի տեղեկության ազգային տեղեկատվական կենտրոն եւ ծանուցել ավանդապահներից որեւէ մեկին դրա ստեղծման կամ փոփոխությունների մասին,
- ձեռնպահ մնալ «Համալսարաններ ընդունվելու հնարավորություն ընձեռող վկայագրերի համարժեքության մասին» 1953թ. ETS թիվ 15 եվրոպական կոնվենցիայի եւ դրա՝ 1964թ. ETS թիվ 49 լրացուցիչ արձանագրության, «Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների համարժեքության մասին» 1956թ. ETS թիվ 21 եվրոպական կոնվենցիայի, «Համալսարանական որակավորումների ակադեմիական ճանաչման մասին» 1959թ. ETS թիվ 32 եվրոպական կոնվենցիայի, «Եվրոպական տարածաշրջանին պատկանող պետություններում բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի եւ գիտական աստիճանների ճանաչման մասին» 1979թ. կոնվենցիայի, «Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների ընդհանուր համարժեքության մասին» 1990թ. ETS թիվ 138 եվրոպական կոնվենցիայի կողմ դառնալուց։
4. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համահունչ են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26 հոդվածի պահանջներին, բխում են, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (հոդված 13) ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից եւ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 35, 43 հոդվածներ), կոչված են ապահովելու Կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին 1997 թվականի ապրիլի 11-ին Լիսաբոնում ստորագրված կոնվենցիայում (կից հայտարարությամբ եւ վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
8 դեկտեմբերի
2004 թվականի
ՍԴՈ - 542