1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՊԼԱՍՏԻԿ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՇՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 14 դեկտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված՝ Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1991թ. մարտի 1-ին՝ Մոնրեալում։ Կոնվենցիայի նպատակն է ապահովել պայթուցիկ նյութերի դրոշմադրումը, ինչը հնարավորություն կտա հայտնաբերելու այդ նյութերը եւ զգալի չափով կնպաստի դրանց կիրառմամբ ահաբեկչական ակտերի կանխմանը։
2. Կոնվենցիայի համար իրավական հիմք են հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1989թ. հունիսի 14-ի 635 բանաձեւը եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 4-ի 44/29 բանաձեւը, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեայի Ա 27-8 բանաձեւը, որոնք ընդգծում են պլաստիկ կամ շերտավոր պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման միջազգային ռեժիմ ստեղծելու անհրաժեշտությունը։
3. Պայթուցիկ նյութերի դրոշմադրումն այդ նյութերում՝ դրանք հայտնաբերման համար ենթակա դարձնելու նպատակով դրոշմադրող նյութերի ընդգրկումն է։ Պայթուցիկ եւ դրոշմադրող նյութերի ցանկը սահմանված է կոնվենցիայի անբաժանելի մասը կազմող տեխնիկական հավելվածում։ Կոնվենցիան սահմանում է այդ հավելվածում փոփոխություններ կատարելու կարգը։
4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ եւ արդյունավետ միջոցներ.
- չդրոշմավորված պայթուցիկ նյութերի արտադրությունը, իրենց տարածք նման նյութերի ներմուծումը եւ իրենց տարածքից դրանց արտահանումն արգելելու եւ կանխելու համար,
- իրենց համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ արտադրված կամ իրենց տարածք ներմուծված չդրոշմավորված պայթուցիկ նյութերի տիրապետման նկատմամբ խիստ եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար,
- իրենց տարածքում հայտնաբերված այն չդրոշմավորված պայթուցիկ նյութերի շուտափույթ ոչնչացման համար, որոնք չեն գտնվում իրենց զինվորական կամ ոստիկանական գործառույթներ իրականացնող լիազոր մարմինների տիրապետության ներքո եւ որպես բաղկացուցիչ մաս ներառված չեն պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ։
Պայմանավորվող կողմերը կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին պետք է տեղեկատվություն տրամադրեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդին։
5. Կոնվենցիայով հիմնադրվում է Պայթուցիկ նյութերի գծով միջազգային տեխնիկական հանձնաժողով։ Կոնվենցիան սահմանում է հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, հանձնաժողովի գործառույթները։
6. Կոնվենցիան վերապահում է թույլատրում միայն 11 հոդվածի առնչությամբ, որը վերաբերում է կոնվենցիայի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման միջոցներին։ Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի պահանջներին համապատասխան, հայտարարում է, որ իրեն պարտավորված չի համարում կոնվենցիայի 11 հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությամբ, այն է՝ չի ընդունում կոնվենցիայի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված վեճը Միջազգային դատարան փոխանցելու հնարավորությունը։ Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ արտադրող պետություն չէ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1991թ. մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված՝ Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 543