2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան 14 դեկտեմբերի 2004թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 5-ին Նիկոսիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին՝ Նիկոսիայում։
Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջեւ զարգացնել եւ ընդլայնել առողջապահական եւ բժշկագիտական համագործակցությունը։
2. Համաձայնագիրը սահմանում է, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, դեղաբանության, օֆթալմոլոգիայի, հոգեկան առողջության, ուրոլոգիայի բնագավառները, որոնց շրջանակներում Կողմերը կզարգացնեն եւ կխորացնեն համագործակցությունը։
3. Համաձայնագրով նախատեսվում է աշխատանքային ծրագրեր կազմելու եւ դրա իրականացման առաջընթացը պարբերաբար գնահատելու համար ստեղծել աշխատանքային խումբ։
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- փոխանակել գիտատեխնոլոգիական տեղեկատվություն,
- մասնակցել Կողմերից որեւէ մեկի տարածքում կազմակերպվող միջազգային համաժողովներին,
- փոխգործակցել մասնագետների եւ պատվիրակությունների փոխանակման հարցում,
- համաձայնեցված ծրագրերի շրջանակներում իրականացնել համատեղ հետազոտություններ,
- համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման համար սահմանել փոխանակումների քվոտա,
- սուր հիվանդությունների դեպքում իր երկիր այցելած անձանց ցուցաբերել անվճար բժշկական օգնություն,
- սահմանված քվոտայի շրջանակներում ֆինանսավորել մասնագետների փոխանակումը։
5. Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը կնպաստի պետության կողմից բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման՝ ՀՀ Սահմանադրության (հոդված 34) պահանջի կատարմանը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004թ. հուլիսի 5-ին Նիկոսիայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 546