ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 հունվարի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի սեպտեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական համայնքների հանձնաժողովի պատվիրակություն հիմնելու եւ դրա արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004 թ. սեպտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հիմնել Եվրոպական համայնքների հանձնաժողովի պատվիրակություն։

2. Համաձայնագիրը սահմանում է, որ Եվրոպական համայնքը եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը ՀՀ տարածքում ունեն իրավաբանական անձի կարգավիճակ։ Նշված Եվրոպական համայնքներն իրավունակ են կնքել գործարքներ, ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք, հանդես գալ դատարանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Ըստ համաձայնագրի՝ Հանձնաժողովի պատվիրակությունը, նրա ղեկավարը եւ անդամները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու անձեռնմխելիություններ եւ պարտավորություններ, որոնք նախատեսվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով (ՀՀ-ն միացել է 6.10.1992 թ.)։

4. Այդ իրավունքները, արտոնություններն ու անձեռնմխելիությունները տրամադրվում են այն պայմանով, որ «Եվրոպական համայնքների միասնական հանձնաժողովի եւ միասնական խորհրդի ստեղծման մասին» պայմանագրին կից «Եվրոպական համայնքների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» արձանագրության 17 հոդվածի դրույթներին համապատասխան Եվրոպական համայնքների անդամ պետությունները նույն իրավունքները, արտոնություններն ու անձեռնմխելիություններն են տրամադրում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը, նրա ղեկավարին, անդամներին ու նրանց ընտանիքների անդամներին։

5. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ որպես վավեր փաստաթղթեր ճանաչել Եվրոպական համայնքների՝ իր պաշտոնյաներին եւ իր հաստատությունների այլ ծառայողներին տրամադրած անցաթղթերը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004թ. սեպտեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական համայնքների հանձնաժողովի պատվիրակություն հիմնելու եւ դրա արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հունվարի 2005 թվականի
ՍԴՈ - 549

print page Տպել էջը